Հայկական բեռնափոխադրում իրականացնողներն անարգել անցնում են Լարսի անցակետը. խնդիրը միայն ոչ կանոնավոր ուղևորափոխադրողներին է վերաբերում
Այսօր տեղեկություն տարածվեց, որ ռուս-վրացական սահմանին՝ Լարսի անցակետում, հայկական պետհամարանիշերով ավտոբուսներին չեն թույլատրում Ռուսաստանի տարածք մտնել՝ պատճառաբանելով, որ հայկական ավտոբուսների վարորդները նոր լիցենզիա պետք է ունենան:
Նշենք, որ խոսքը վերաբերում է միայն ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողներին:
168.am-ի հետ զրույցում «Ապավեն» ՍՊԸ գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանն ասաց, որ այս պահին իրենց հինգ մեքենաներն անարգել անցնում են անցակետը և մտնում են ՌԴ:
Հայաստանի բեռնափոխադրումների միության նախագահ Մակար Առաքելյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ դա վերաբերում է միայն ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնողներին. «Դա բեռնատարների հետ կապ չունի, այդ խնդիրը կա, բայց՝ ավտոբուսների մասով»:
Հիշեցնենք, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից պարզաբանել էին, որ հարցի կարգավորման համար բանակցություններ են ընթանում: Մաքսակետում ոչ կանոնավոր ուղևորափոխադրող ընկերություններին պատկանող ավտոբուսների կուտակումներ կան:
Նախարարությունից տեղեկացրել են, որ տրամադրված լիցենզիան պետք է գործեր հունիսի 1-ից, սակայն ռուսական կողմում սկսել են լիցենզիան պահանջել ավելի վաղ: