
«Չեմ կարծում, որ այդ պաթոսի ալիքի վրա ձևավորված խորհրդարանը կլինի ամենաճիշտ պատկերը»

«Մենք ասել ենք, որ ավելի շատ հակված ենք ոչ թե ժամկետների, այլ ողջամիտ քայլերի, որոնք ենթադրում են համապատասխան նախապատրաստական աշխատանք: Բոլորն ընդունում են, չէ՞, որ ինքնանպատակ ընտրություններ անցկացնելը ոչ մեկին ձեռնտու չէ: Եթե այդպես էր, կարելի էր միանգամից չհաստատել ծրագիրը, անցնել մյուս փուլերով և գնալ ավելի արագ ընտրությունների: Բայց այդ ճանապարհը ճիշտ չէ, որովհետև երկիրն ընտրությունների համար չէ, որ այս փոփոխություններն ուզել է, ժողովուրդը դա չի ուզել, այլ ուզել է, որ այն խնդիրները, որ կան, լուծվեն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Ըստ նրա` նախ՝ այս պաթոսով ընտրությունները լիարժեք պատկեր չեն տալու, և դա բոլորը հասկանում են, որովհետև հրապարակ դուրս եկած ողջ ժողովրդի մեջ կան բոլորի ընտրազանգվածները. «Բնականաբար, նախ պետք է հնարավորություն տալ, որ քաղաքական ուժերը կարողանան դիրքավորվել: Այլապես կարելի է բոլորին գրել մի ցանկով և գնալ՝ որպես շարժման ցանկ, ու դառնալ պատգամավոր, եթե դա է խնդիրը: Բայց վաղը նույն պատկերը փոխելու խնդիր կառաջանա: Չեմ կարծում, որ այդ պաթոսի ալիքի վրա ձևավորված խորհրդարանը կլինի ամենաճիշտ պատկերը ժողովրդի մեջ առկա տարբեր տեսակետների և դիրքորոշումների»:
Երկրորդ խնդիրը, Ա.Ռուստամյանի կարծիքով, ընտրական համակարգի փոփոխությունն է, որպեսզի հանվի ռեյտինգային համակարգը, նաև պետք է կառավարության մեջ փոփոխություններ կատարել, սուպերվարչապետական համակարգից ազատվել. «Սրանք այն քայլերն են, որոնք կատարելուց հետո կարելի է խոսել, որ ընտրությունները տեղի կունենան մեր ուզած մակարդակով և որակով»:
168.am-ի հարցին` խելամիտ ժամկետը ո՞րն է այդ փոփոխությունների համար, Ա.Ռուստամյանը պատասխանեց, որ չի կարող ասել, դա կախված է նրանից, թե երբ կիրականացվեն նշված փոփոխությունները:
Մեր հարցին, թե Դաշնակցությունն ինչպիսի՞ ներկայացվածություն կունենա խորհրդարանում արտահերթ ընտրությունների դեպքում, ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշեց, որ դա ընտրություններով կորոշվի. «Ժողովուրդը թող որոշի: Սա չի խնդիրը: Մեր խնդիրն այն է, որ մի ընտրությամբ չպետք է պայմանավորվի այս երկրի ճակատագիրը: Անգամ, եթե դու այնպիսի փոփոխություններ ես անում, որ կարող է չհաջողես, միևնույն է, դու պետք է գնաս այդպիսի ընտրությունների, որովհետև էս անգամ չհաջողես, մյուս ընտրություններին կհաջողես: Կարևոր է ունենալ նորմալ ընտրությունների ավանդույթ»: