Ինչ կանի հայ-ռուսական միացյալ զորախումբը Նախիջևանում
Ղարաբաղյան ուղղությամբ ՀՀ նոր իշխանությունների ապագա քաղաքականությունը շարունակում է ակտիվ քննարկվել հայաստանյան մամուլում:
Ադրբեջանական ԶԼՄ-ները ևս առանձնահատուկ ուշադիր են ՀՀ նորընտիր իշխանությունների քայլերին և, բացի օրերս ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի հայտարարությունից, ակտիվորեն լուսաբանել են նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանի այցը Հայաստանի հարավ-արևմտյան առաջնագիծ՝ Նախիջևանի ուղղությամբ՝ հայկական կողմին մեղադրելով Ադրբեջանի դեմ նոր սադրանք կազմակերպելու մեջ:
Այնինչ օրերս Նախիջևանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր ասել, որ Նախիջևանում տեղակայված ժամանակակից սպառազինությունը, այդ թվում՝ հեռահար հրթիռները, ի զորու են ոչնչացնելու թշնամու ցանկացած ռազմական թիրախ: Ավելին՝ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, ադրբեջանական ԶՈւ-երը ՀՀ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում ձեռնարկել են ակտիվ ինժեներական աշխատանքներ՝ նպատակ ունենալով բարելավել դիրքերը:
«Հայկական զինված ուժերը զգուշացրել են, որ ինժեներական աշխատանքների ակտիվացումը, ինչպես նաև այլ սադրիչ գործողությունները առաջացնում են փոխհրաձգություն և, որպես հետևանք՝ զոհեր: Հայկական զինված ուժերը բազմիցս կոչ են արել զերծ մնալ իրավիճակի անտեղի լարումից և զգուշացնում են, որ որևէ ապակայունացնող քայլ անպատասխան չի մնա»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Արծրուն Հովհաննիսյանը:
Այս պնդումն Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հերքել էր: Մայիսի 20-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր 1 զոհի մասին: Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ «Ադիլ Ալի օղլու Թաթարովը զոհվել է Նախիջևանի սահմանին մարտական առաջադրանք կատարելիս»:
Ադրբեջանի ՊՆ-ն փորձել էր զինծառայողի մահը կապել օրերս Հայաստանի պաշտպանության և ԱԳ նախարարների Նախիջևանի սահմանագիծ կատարած այցի հետ: Այնուամենայնիվ, ուշագրավ էր օրերս ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի դիտարկումն այն մասին, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում համանախագահ երկրների առաջարկների հիման վրա Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը: Դրա համար հարկավոր է 2016 թվականի Ադրբեջանի ագրեսիայից հետո բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչել»,- հայկական կողմի բանակցային դիրքորոշումն էր հաստատել Տիգրան Բալայանը:
«168 Ժամի» հետ զրույցում ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևն ասաց, որ առանց հետաքննությունների մեխանիզմների ներդրման և առաջնագծից ծանր զինտեխնիկայի հեռացման՝ հնարավոր չէ երկխոսել բանակցությունների շուրջ: Ուստի նա ողջունեց ՀՀ ԱԳՆ ներկայացուցչի հավաստիացումը այդ մեխանիզմների ներդրման հայկական հանձնառությանը: Եվսեևի խոսքով, կարևոր է նաև ծանր սպառազինության դուրսբերումն առաջնագծից, որն ամեն պահի սպառնում է մարտական գործողությունների վերսկսմամբ:
«Կարծում եմ՝ ճիշտ էր այս հանգամանքը շեշտադրելը, կարևոր էր բանակցությունների ապագայի համար: Կարծում եմ` այս հարցը կշոշափվի նաև առաջիկայում համանախագահների և ՀՀ իշխանությունների հանդիպման ժամանակ: Կարծում եմ` Փաշինյանի մոտեցումները Ղարաբաղյան հակամարտության հարցում, հատկապես ցանկությունը՝ Ղարաբաղին ներգրավվել կամ ավելի ճիշտ վերադարձնել բանակցային սեղան, շատ ճիշտ կլինի, բայց մինչ դա՝ կարևոր են այն պայմանավորվածությունները, որոնք ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ձեռք են բերվել բարձրաստիճան հանդիպումների ժամանակ:
Խոսքը Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի հանդիպումների մասին է: Չպետք է մոռանալ, որ անկայունությունն ու լարվածությունն իրերի ներկայիս դրության դեպքում կարող է գլուխ բարձրացնել ցանկացած պահի, և առանց առաջընթացի նշածս ոլորտում՝ դժվար է հստակեցնել, թե որ կողմն է սկսել լարվածությունը, դժվար է հասցեական դիտողություններ անել կողմերին, որը Մինսկի խմբի աշխատանքի արդյունավետությունը թուլացնում է: Այնպես որ, այս մոտեցումն առանցքային է»,- ասաց Եվսեևը:
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի ուղղությամբ հնարավոր զարգացումներին և խոսակցություններին, որ լարվածություն Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է բռնկվել այստեղից` Եվսեևն ասաց, որ հայ-ռուսական միացյալ զորախումբը ստեղծվել է հենց այդ նպատակով, որպեսզի ըստ էության չեզոքացնի, վերահսկողության տակ պահի սահմանի այս հատվածը, վերահսկողության տակ պահի Թուրքիային, որը հաստատվել է Նախիջևանում:
«Պարզ կարող եմ ասել, որ ռուս-թուրքական հարաբերությունների ներկայիս պայմաններում դժվար է Հայաստանի համար վտանգ պատկերացնել սահմանի այս հատվածից, քանի որ ցանկացած սադրանք այստեղից դեպի Հայաստան կդիտարկվի Ռուսաստանի դեմ քայլ, և, հաշվի առնելով այսօր ռուս-թուրքական բարելավված հարաբերությունները, ես դա բացառում եմ:
Բայց մյուս կողմից՝ հաշվի առնելով Նախիջևանի առանցքային նշանակությունը, այս ուղղությամբ մշտական ուշադրությունը կարևոր է: Հատկապես կարևոր է, երբ ժամանակ առ ժամանակ սպառնալիքներ են հնչում Ադրբեջանից, նախարարները պետք է գնան և տեղում ծանոթանան իրավիճակին, հասկանան, թե ինչ վիճակում է առաջնագիծը, դիրքերը, և ինչու է ադրբեջանական կողմը կրկին սպառնալիքների լեզվով խոսում»,- ասաց Եվսեևը:
Հարցին, թե ինչպե՞ս պետք է գործի հայ-ռուսական միացյալ զորախումբը Նախիջևանից սադրանքի դեպքում, Եվսեևը պատասխանեց, որ պետք է փորձի հետ մղել, չեզոքացնել և անել այն, ինչ անհրաժեշտ է լինում պաշտպանության համար:
«Բայց ես չեմ ցանկանում մանրամասնել դա, քանի որ բացառում եմ: Բացի հայ-ռուսական միացյալ զորախմբից, Հայաստանն ապրիլյան պատերազմից հետո համալրվել է հզոր զինատեսակներով, որոնք ունակ են ետ մղել հակառակորդին՝ գերճշգրիտ հարվածներ հասցնելով: Բայց այս գոտում մեծ է Թուրքիայի ազդեցությունը, որի նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով է նաև ստեղծվել հայ-ռուսական միացյալ զորախումբը»,- ասաց Եվսեևը:
Մեկ այլ ռուս ռազմական փորձագետ՝ Ալեքսանդր Գոլցը, ասաց, որ ապրիլյան պատերազմն ապացուցեց, որ թե՛ շփման գծում, թե՛ Հայաստան-Ադրբեջան սահմանի ցանկացած հատվածում ցանկացած պահի կարող է վերսկսվել լայնածավալ լարվածություն, և, ըստ էության, նրանց կանգնեցնելու արդյունավետ լծակներ ՄԽ համանախագահները չունեն: Ավելին, ըստ նրա՝ ՄԽ համանախագահները պարզապես միջնորդներ են, և, եթե կողմերը չեն ցանկանում կամ հարմար չեն գտնում բանակցել, չեն բանակցում:
«Նրանց ոչ մի միջնորդ չի կարող պարտադրել բանակցություն, կարգավորում կամ որևէ այլ լուծում: Ուստի վտանգը կա և կշարունակի պահպանվել այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը չեն որոշել նստել բանակցությունների սեղանի շուրջ և կարգավորել հակամարտությունը: Եթե չկա այս ցանկությունը, չկա նաև շփման գիծը խաղաղեցնելու և մեխանիզմներ ներդնելու ցանկություն»,- նման կարծիք հայտնեց ռուս ռազմական փորձագետը:
Նրա խոսքով՝ երբ կողմերը որոշեն համաձայնության գալ, անպայմանորեն Արցախը պետք է միանա բանակցություններին, քանի որ առանց Արցախի ոչ մի որոշում չի կարող կայացվել: Ավելին, նրա որակմամբ, ցանկացած որոշում անիմաստ է առանց Արցախի:
«Այս տեղանկյունից ծրագրային առումով կարևոր է ՀՀ նոր իշխանությունների դիտարկումն Արցախի մասնակցության վերաբերյալ, բայց պետք է կարողանալ բանակցությունների միջոցով Արցախին միացնել գործընթացին: Իմ տեղեկություններով՝ ՀՀ նախկին իշխանություններն այդ հարցին փորձել են անդրադառնալ ժամանակ առ ժամանակ, սակայն չի հաջողվել ընդհանուր առմամբ անբարենպաստ բանակցությունների պատճառով»,- ասաց Գոլցը: