«Անկախ նրանից՝ դպրոցը պետակա՞ն է, թե՞ մասնավոր, այն իր կարգավիճակով կարող է լինել այլընտրանքային». Արա Աթայան
ՀՀ կրթական ոլորտի ներկայացուցիչներն այսօր ազդարարեցին «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման մասին, ինչպես նաև ներկայացրեցին ձևավորված միության կազմը, նպատակներն ու գործառույթները։
«Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միությունը» ձևավորվել է ՀՀ կրթական ոլորտի մի շարք ներկայացուցիչների՝ ուսումնական հաստատությունների և անհատների նախաձեռնությամբ՝ Հայաստանում այլընտրանքային կրթության զարգացման ու կրթական համակարգի բարելավման նպատակով։ Միության գործունեության հիմքը դրվել է կողմերի միջև ստորագրված հռչակագրով։
Միության անդամները, լինելով տարբեր մանկավարժական մոտեցումների կողմնակիցներ, համոզված են, որ համագործակցության և գաղափարների փոխանակման, ստեղծագործական որոնումների մթնոլորտը կնպաստի ամբողջ կրթահամակարգի զարգացմանը:
Հանդիպման մասնակից, այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության հիմնադիր անդամ, «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ, ԵՊՀ-ի դասախոս Արա Աթայանն անդրադառնալով նորաստեղծ միության ստեղծմանը՝ նկատում է՝ այս աշխատանքը, որ տևեց մի քանի ամիս, ավարտվեց նրանով, որ մենք սկսում ենք բուն աշխատանքը.
«Հայաստանում կան շատ հայտնի դպրոցներ, որոնք մեթոդական և բովանդակային շատ մեծ տարբերություններ ունեն, և նրանք բոլորն էլ իրենց կայացման ճանապարհին հաղթահարել են շատ ծանր խոչընդոտներ: Ես կցանկանայի խոսել մի թյուրըմբռնման մասին, որ ավանդաբար առկա է մեր հասարակության տարբեր շերտերում:
Խոսքը վերաբերում է այլընտրանքն ու մասնավորը զանազանելու խնդրին՝ ո՞ւմ, ինչպե՞ս և ինչո՞ւ է պետությունը ֆինանսավորում, այս կամ այն ուսումնական հաստատությանը, իսկ մյուսին՝ ոչ, և այլն:
Եթե դուք կարծում եք, թե այստեղ նստած մարդիկ մանկավարժական հարցերում միակարծիք են իրար հետ, դուք սխալվում եք: Իրականում մենք ունենք նույն պատկերացումը, թե ինչպիսին պետք է լինի կրթության ոլորտի կազմակերպումն առողջ, ազատ և բաց հասարակության մեջ, ունենք նույն մանկավարժական սկզբունքները, բայց տարբեր մանկավարժական գաղափարներ, հակառակ դեպքում բոլորս միասին նույն դպրոցում կաշխատեինք:
Գաղափարական առումով մենք պատրաստ ենք պաշտպանել հակառակ տեսակետները, որովհետև մենք գիտենք, որ հասարակության մեջ պետք է լինեն տարբեր դպրոցներ: Այլընտրանք և մասնավոր տարբերակման հետ կապված երկրորդ կարևոր հարցը՝ անկախ նրանից՝ դպրոցը պետակա՞ն է, թե՞ մասնավոր, այն իր կարգավիճակով կարող է լինել այլընտրանքային:
Ասեմ ավելին՝ դպրոցը պետք է լինի այլընտրանքային, եթե ուզում է լինել ստեղծագործ, այլ ոչ թե պարզապես կատարող, իսկ այլընտրանք նշանակում է այն, որ մարդիկ տեղում ունեն լուծումներ: Եթե որպես օրինակ՝ վերցնենք որոշ երկրների նմանօրինակ առաջավոր փորձը, ապա կնկատենք, որ ցանկալի պտուղներն արդեն իսկ կան: Այս առիթով ես բազմիցս հիշատակել եմ Ֆինլանդիայի կրթական համակարգի փորձը»:
Անդրադառնալով համակարգային փոփոխությունների ֆոնին մատչելի կրթություն ստանալու հեռանկարներին, Արա Աթայանը նկատում է՝ բյուջեում կա որոշակի ծախս, որ նախատեսված է այն հարկերից, որոնք գոյանում են հենց կրթության զարգացման համար: Հետևաբար՝ բանախոսն առաջարկում է՝ մեր երկրի պես աղքատ երկրում գուցե պետք է վերանայվի բյուջեի համապատասխան հոդվածը՝ փոխելով դրա ծախսման մեխանիզմները.
«Գուցե պետք է ֆինանսավորվի դպրոցում ուսում ստացող յուրաքանչյուր երեխա: Մենք պետք է հասկանանք՝ ոչ թե դպրոցը պետք է ստանա ֆինանսավորում, այլ այնտեղ սովորող յուրաքանչյուր քաղաքացու երեխան: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե Հայաստանում ինչ հնարավորություններ կան բյուջեում ծախսերի առումով փոփոխություններ կատարելու համար, որպեսզի համապատասխան չափով գումարներ ուղղվեն ապագային, այսինքն՝ կրթության ոլորտին»: