«Սա քաղաքական առճակատում է». Գագիկ Մինասյան
Մայիսի 15-16-ին Ստամբուլում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի 25-ամյակի հանդիսավոր նիստը, որի ժամանակ քննարկվել է հռչակագիրը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ խորհրդարանական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը:
Ըստ նրա` հերթական անգամ փորձ է արվել կառույցը քաղաքականացնել: Գ.Մինասյանի խոսքով` նախ Ուկրաինան փորձել է հռչակագրում ներառել պետության սահմանների ամբողջականության գնահատական, սակայն հայկական կողմի ջանքերով այդ փորձը տապալվել է:
Փաստաթղթում չի ներառվել նաև հայկական կողմի առաջարկը, որ կառույցը պետք է մնա իր առաքելությանը համահունչ, զերծ մնա քաղաքական խնդիրներին անդրադառնալուց, քանի որ բազմաթիվ նման վեհաժողովներ կան, որ քաղաքական հարցեր են քննարկում: Գ.Մինասյանը նշեց, որ ընդունվել է միայն վրացական կողմի առաջարկը:
«Ստամբուլում ընդունված փաստաթուղթը բալանսավորված է, մեր երազանքներին համապատասխան փաստաթուղթ չէ, սակայն զերծ է մեզ համար անցանկալի ձևակերպումներից»,- ասաց Գ.Մինասյանը` դա որակելով՝ որպես հաջողություն, քանի որ այդ կառույցում Թուրքիան ունի ազդեցիկ դերակատարում, այդտեղ է Վրաստանը, Մոլդովան, Ռումինիան, և այլ երկրներ, որոնք տարածքային խնդիրներ ունեն:
Գ.Մինասյանը նշեց նաև, որ այդ օրերին շիկացել էր իրավիճակը Պաղեստինյան տարածքում, իսկ Թուրքիան վաղուց ուզում է իրեն հռչակել իսլամական պետությունների առաջնորդ, և ՍԾՏՀ վեհաժողովից մի քանի օր հետո Անկարայում տեղի ունեցավ իսլամական պետությունների համաժողովը, որն ընդունեց մի փաստաթուղթ, որը դատապարտում էր ամերիկյան միջամտությունն իսրայելապաղեստինյան իրադարձություններին:
Ըստ նրա` նման մի հայտարարություն Թուրքիան փորձում էր ներառել նաև վեհաժողովի հռչակագրում. «Ես ներկայացրեցի, որ մեր կառույցն ընդգծված տնտեսական կառույց է, իսկ իսրայելապաղեստինյան տարածքը դուրս է գտնվում մեր տարածաշրջանից: Թուրքական կողմը հետևողական էր, ուզում էր ամեն ինչ անել, որ այդ կետը ներառվի այդ փաստաթղթում, սակայն չհաջողեց»:
Գ.Մինասյանը տեղեկացրեց, որ իր ելույթում ինքն անդրադարձել է նաև Հայաստանի շրջափակմանը Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից` նշելով, որ դա անթույլատրելի է:
Ըստ նրա` հունիսին 19-ին կայանալիք գագաթաժողովի ժամանակ ՍԾՏՀ բյուրոն պետք է ընտրի այն քաղաքը, որտեղ ընտրելու են կառույցի գլխավոր քարտուղար:
Նրա խոսքով` դա կարող է լինել երեք քաղաք, որտեղ վեհաժողով է լինելու` Երևանը՝ հոկտեմբերին, Բաքվում` հաջորդ տարի, Սոֆիայում` հաջորդ տարեվերջին: Գ.Մինասյանը նշեց, որ իրենք աշխատանքներ են կատարում, որ բյուրոն չընտրի Բաքուն՝ որպես գլխավոր քարտուղարի ընտրման վայր, քանի որ այսքան ժամանակ Հայաստանը միայն մեկ անգամ է Բաքվում մասնակցել ՍԾՏՀ աշխատանքներին, Բաքուն երբեք ՀՀ-ին անվտանգության երաշխիքներ չի տվել, և մենք չենք մասնակցել:
Փոխադարձորեն, նշեց Գ.Մինասյանը, իրենք առաջարկել են, որ բյուրոն չընտրի նաև Երևանը. «Սա քաղաքական առճակատում է, և այս պայմաններում եթե բյուրոն Բաքվում անցկացնի, դուրս կդնի անդամ երկրներից մեկի պատվիրակությանը մասնակցությունից»: