Ինչ տնտեսություն ենք ուզում ունենալ

Մինչև առաջ անցնելը, խորհուրդ կտամ կարդալ Նոբելյան մրցանակի դափնեկիր, տնտեսագետ Փոլ Կրուգմանի հոդվածից մի հատված։ Այն վերնագրված է «Երկիրը ընկերություն չէ»։

«Ուսանողները, ովքեր նպատակ ունեն կարիերան շարունակել բիզնեսի մեջ, հաճախ որպես հիմնական մասնագիտություն՝ ուսումնասիրում են տնտեսագիտությունը։ Սակայն քչերն են հավատում, որ լսարանում նրանց լսածը բավարար է լինելու բիզնեսի մեջ հաջողության հասնելու համար։ Այս ուսանողները հասկանում են մի ֆունդամենտալ ճշմարտություն. տնտեսագիտության գիտելիքները նրանց չեն կարող օգտակար լինել բիզնես անելիս։

Հակառակը նույնպես ճիշտ է։ Բիզնես անելու արդյունքում սովորածը չի օգնի մարդկանց տնտեսական քաղաքականություն մշակելու հարցում։ Երկիրը մեծ կորպորացիա չէ։ Մտավոր ունակությունները, որոնց շնորհիվ մարդը դառնում է մեծ բիզնեսմեն, նույնը չեն, որոնք մարդուն դարձնում են մեծ տնտեսական վերլուծաբան։

Շատ հազվադեպ է պատահում, որ մեկ միլիարդ դոլարի կարողություն ստեղծած գործարարը հենց այն մարդն է, որից պետք է խորհուրդ հարցնել 6 տրիլիոն դոլարանոց տնտեսության վերաբերյալ։

Ես չեմ ասում, որ գործարարները հիմար են, կամ տնտեսագետները խելացի են։ Հակառակը՝ եթե միասին հավաքվեն ԱՄՆ-ի 100 ամենահաջողակ բիզնես կառավարիչները և 100 առաջատար տնտեսագետները, ապա առաջին խմբի ամենաքիչ տպավորող մարդը ստվերի տակ կթողնի երկրորդ խմբի ամենատպավորիչ մարդուն։

Իմ ասածն այն է, որ տնտեսագիտական վերլուծության համար անհրաժեշտ մտածելակերպը խիստ տարբեր է բիզնեսում հաջողության հասնելու համար անհրաժեշտ մտածելակերպից»,- գրել է Փոլ Կրուգմանը։

Հիմա անցնենք մեզ, հետո նորից կանդրադառնանք Կրուգմանի այս մտքին։ ՀՀ կառավարությունն արդեն ձևավորված է, և լծվել է կառավարության ծրագրի մշակման աշխատանքներին։ Ծրագիրը ներկայացվելու է ամսվա վերջին։ Իհարկե, դեռ ժամանակ կա, և միայն ծրագրի ներկայացումից հետո հնարավոր կլինի խոսել դրա մասին։ Սակայն այս պահին ամենակարևոր հարցը հետևյալն է՝ ի՞նչ ժամանակահատվածի կտրվածքով է մշակվում ծրագիրն ու ինչ առաջնահերթ խնդիրներ է շեշտադրելու։

Բանն այն է, որ տնտեսական քաղաքականությունը պետք է մշակվի հնարավորինս  երկար ժամանակահատվածի համար, այլ ոչ թե ֆիքսվի միայն այսրոպեական խնդիրների վրա։

Ծրագիրը պետք է պատասխանի այն հարցին, թե ինչ ուղղությամբ ենք մենք շարժվելու առաջիկա 5 տարիների ընթացքում, ինչ խնդիրներ ենք լուծելու և ինչ արդյունքներ ենք ակնկալում այդ ժամանակահատվածի ավարտին։

Սակայն մյուս կողմից՝ հեղափոխություն իրականացրած ուժը հայտարարել է, որ լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այսինքն, այս կառավարությունը ժամանակավոր բնույթ ունի, ընտրություններից հետո ձևավորվելու է նոր կառավարություն, և տնտեսական քաղաքականության պատասխանատվությունը ստանձնելու է ընտրություններում հաղթած ուժը կամ ուժերը։

Սա հաշվի առնելով՝ կարելի է ենթադրել, որ կառավարության ծրագիրը բաղկացած է լինելու 2 հատվածներից՝ կարճաժամկետ և երկարաժամկետ։ Կարճաժամկետը կիրականացվի մինչև ընտրությունները, իսկ երկարաժամկետը (որոշակի փոփոխություններով) կիրականացնի այսօր կոալիցիայի մաս կազմող ուժերից մեկը՝ ընտրություններում հաղթելու դեպքում։ Բավականին բարդ և ոչ ստանդարտ իրավիճակ է, որի պարագայում լուծումներ գտնելն այնքան էլ հեշտ չէ։

Երեկ ես ֆեյսբուքյան իմ էջում հարցրել էի՝ ո՞վ է նոր կառավարության «Վաչե Գաբրիելյանը»։ Այսինքն, այն մարդը (մարդիկ), ով լինելու է տնտեսական քաղաքականության գլխավոր իդեոլոգը։

Ո՞վ է որոշելու՝ ինչ ուղղությամբ ենք մենք շարժվելու տնտեսության մեջ, որոնք են լինելու մեր առաջնահերթությունները՝ կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում, գլոբալ ու լուրջ հարցերում ո՞ւմ կարծիքն ենք հաշվի առնելու (հարկային քաղաքականություն, արտաքին տնտեսական հարաբերություններ, այդ թվում՝ Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, ԵԱՏՄ-ի ու Եվրամիության հետ հարաբերություններին վերաբերող կոնցեպտուալ մոտեցումներ, կամ, ասենք, կենսաթոշակային համակարգ)։ Նկատի ունեցեք՝ նման հարցերին պետք է պատասխանի տնտեսագետը (կարդացեք Կրուգմանի կարծիքը)։

Այս հարցն առաջ եկավ այն ժամանակ, երբ փորձում էի նոր ժամանակավոր կոալիցիոն կառավարության կազմում տնտեսագետներ գտնել։ Որքանով հասցրել եմ հասկանալ՝ տնտեսական բլոկը համակարգելու է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով ֆինանսների մագիստրոս է և վերջին տարիներին ավելի շատ զբաղված է եղել ՏՏ ոլորտում սեփական բիզնես նախագծերով։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը լավ մասնագետ է, սակայն հիմնական մասնագիտությամբ ճարտարագետ է։ Ճիշտ է՝ լուրջ վերապատրաստումներ է անցել բյուջետային և պետական ծախսերի կառավարման թեմաներով, սակայն նա երկար տարիներ եղել է ՀՀ գլխավոր գանձապետը և իրերին նայում է հիմնականում այդ պրիզմայով։ Նախկին նախարար Վարդան Արամյանը, օրինակ, մակրոտնտեսագետ է և գիտելիքի վրա հիմնված թարմություն ու նոր գաղափարներ բերեց Ֆիննախ՝ մշակելով ու ներդնելով, օրինակ, հարկաբյուջետային կանոնները։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եկել է բանկային համակարգից և համակարգային մտածողության տեր մարդ է: Սակայն նա էլ իրավաբան է։ Նոր կառավարության կազմում միակ տնտեսագետն Արծվիկ Մինասյանն է, սակայն նա կառավարությունում ՀՅԴ-ի փոքր քվոտայով է, և դժվար է պատկերացնել, որ տնտեսական քաղաքականության պատասխանատվությունը վստահելու են նրան։

Այս մտորումներին ի պատասխան՝ շատերը հիշեցնում էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է հայտնի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի հետ, և վերջինս պատրաստակամություն է հայտնել օգնել տնտեսության զարգացման գործում։ Սակայն, ցավոք սրտի, դժվար է հավատալ, որ Աճեմօղլուն լուրջ ժամանակ և ռեսուրսներ է տրամադրելու այդ գործին։

Ավելի հավանական է մտածել, որ նա տեսական բնույթի մի քանի խորհուրդ կտա ՀՀ իշխանություններին։ Բացի այդ, Աճեմօղլուն տնտեսական զարգացումը պայմանավորում է ինստիտուտների կայացածության մակարդակով և մի քանի անգամ շեշտել է, որ Հայաստանի տնտեսության խնդիրների պատճառները քաղաքական դաշտում են։ Այսինքն՝ մեզ պետք են նորմալ ընտրություններ, ժողովրդավարություն և արդյունքում՝ նորմալ ինստիտուտներ (դատարաններ, տնտեսական մրցակցության հանձնաժողով և այլն)։

Ըստ էության, մենք հիմա, այսպես թե այնպես, այդ ճանապարհին ենք։ Սակայն, եթե ավելի պրակտիկ դեղատոմսեր՝ ի՞նչ անել դրանից հետո, նա Հայաստանի համար դժվար թե կարողանա տալ, քանի որ ծանոթ չէ ՀՀ տնտեսությանը՝ իր ողջ խորությամբ, դրա մութ կողմերին, մեր մտածելակերպին, և այլն։

Աճեմօղլուին դժվար կլինի բացատրել, օրինակ, ինչ է մաքսային «պապկան» կամ «ատկատը»։ Այսինքն, Հայաստանի տնտեսությանն այս պահին ավելի օգտակար կլինեն Աճեմօղլուից պակաս հայտնի, սակայն մեր իրականությանը մոտ կանգնած տնտեսագետները։

Այս ամբողջը տեքստը չի նշանակում, որ ամեն ինչ վատ է, մասնագետներ չունենք, և այլն։ Ամենևին։ Անգամ Կրուգմանի տեսակետը պետք չէ հալած յուղի տեղ ընդունել. չի բացառվում, որ ոչ տնտեսագետ մեկը՝ համակարգային մտածողությամբ, կարողանա ճիշտ տնտեսական քաղաքականությամբ երկիրը զարգացման տանել։ Եվ չի բացառվում, որ կառավարությունում հենց այդ մարդիկ են։

Սակայն վատ չէր լինի, եթե կառավարությանը կից ձևավորվեր տնտեսագետների մի խումբ, որը կզբաղվեր երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի տնտեսական քաղաքականության մշակմամբ։

Օրինակ, Ռուսաստանում Ալեքսեյ Կուդրինի գլխավորությամբ ստեղծվել էր այդ երկրի լուրջ տնտեսագետներից կազմված մի խումբ, որն աշխատում էր մինչև 2025 թվականն իրականացվելիք բարեփոխումների փաթեթի վրա։ Պարզ ասած՝ որոշում էր, թե երկիրն ուր է գնում։

Հայաստանում նույնպես կան հրաշալի մասնագետներ, որոնցից շատերը հասարակության լայն շերտերին հայտնի չեն։ Այդ ռեսուրսը պետք է մոբիլիզացնել և երկարաժամկետ լուծումներ մշակել, որովհետև հաջողում են այն երկրները (և ընկերությունները), որոնք «երկար» են մտածում, ոչ թե՝ միայն այսօրվա օրով։ Ավելին ասենք, եթե խոսքը զուտ մասնագիտական աշխատանքի մասին է, ապա կարելի է հրավիրել նաև նախկին իշխանության մաս կազմած նորմալ մասնագետներին, որոնք, քաղաքական պատճառներով պայմանավորված՝ տեղ չեն գտել նոր կառավարության կազմում։

Տեսանյութեր

Լրահոս