
Սովյալների թվի աճի միտումը կպահպանվի հակամարտությունների և կատակլիզմների պատճառով. FAO

Աշխարհում սովյալների թվի աճի միտումը կպահպանվի շարունակվող հակամարտությունների եւ կլիմայական փոփոխություններով պայմանավորված բնական կատակլիզմների պատճառով: Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսական կազմակերպության (FAO) գլխավոր տնօրեն Ժոզե Գրացիանու դա Սիլվան:
«Շատ տխրալի է արձանագրել, որ վերջին տասնամյակի ընթացքում սովյալների մակարդակի շարունակական նվազումից հետո նրանց թիվը վերստին ավելացել է: 2016 թվականին սովի ճիրաններում էր հայտնվել 815 մլն մարդ, ինչը կազմում է մոլորակի ընդհանուր բնակչության 11 տոկոսը: Եվ դա 38 միլիոնով ավելի է, քան նախորդ տարի: Ցավոք, նախնական տվյալները վկայում են, որ 2017 թվականին եւս կպահպանվի սովյալների թվի ավելացման միտումը»,-ասել է դա Սիլվան: Ամեն տարի աշնանը FAO-ն զեկույց է ներկայացնում մոլորակի վրա սովի հետ կապված իրադրության վերաբերյալ՝ ներկայացնելով նախորդ տարվա տվյալները:
Ինչպես նշել է գլխավոր տնօրենը, սովյալների թվի աճը բացատրվում է ռազմական հակամարտությունների ընդլայնմամբ, ինչպես նաեւ բնական կատակլիզմների հետեւանքներով, որոնք պայմանավորված են կլիմայական փոփոխություններով: FAO-ի ղեկավարի խոսքով՝ թերասնումից տառապող բոլոր մարդկանց 60 տոկոսն ապրում է հակամարտությունների գոտիներում:
«Հակամարտությունները, որոնք հանգեցնում են ֆերմերական տնտեսությունների, ագրոենթակառուցվածքի եւ պարենային պաշարների ոչնչացման, շարունակում են մնալ 18 երկրի պարենային անվտանգության հիմնական սպառնալիքը, որոնցից 15-ը գտնվում են Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում: Նիգերիայի հյուսիս-արեւելքում, Սոմալիում, Հարավային Սուդանում եւ Եմենում ավելի քան 20 մլն մարդ գտնվում են ռիսկի խմբում»,-ասել է նա:
«Կլիմայական կատակլիզմները, գլխավորապես երաշտը,-շարունակել է դա Սիլվան,-23 երկրներում պարենային ճգնաժամերի հիմնական պատճառն են, որոնց երկու երրորդը գտնվում է Աֆրիկայում: Այնտեղ 39 մլն մարդ ապրում է պարենի սուր անբավարարության պայմաններում»: