Հազարից ավելի երեխաներ են վերքեր ստացել Գազայի հատվածում բողոքների սկսվելուց ի վեր. ՅՈւՆԻՍԵՖ
Հազարից ավելի երեխաներ են վերքեր ստացել Գազայի հատվածի սահմանին բողոքների սկսվելուց ի վեր: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈւՆԻՍԵՖ):
«Մարտի 30-ից հազարից ավելի երեխաներ են վերքեր ստացել Գազայի հատվածում գործադրված բռնության հետեւանքով: Այդ վերքերից շատերը ծանր են եւ կարող են հանգեցնել լուրջ բարդությունների, ներառյալ անդամահատումը»,-ասված է հաղորդագրության մեջ: ՅՈւՆԻՍԵՖ-ը նշում է, որ Գազայի հատվածի սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները հանգեցրել են այդ շրջանի առողջապահության համակարգի ծանրաբեռնվածության ուժեղացմանը, որը տուժում է էլեկտրականության մշտական անջատումներից, վառելիքի, դեղորայքի եւ բժշկական սարքավորումների անբավարարությունից:
Հիվանդանոցները գլուխ չեն հանում ծանր վերքերով պացիենտների թվաքանակի աճից: Մայիսի 16-ին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը բժշկական հումանիտար օգնությամբ, այդ թվում՝ հակաբիոտիկներով, երկու բեռնատար է հասցրել Գազա: Օգնությունը պետք է բավարարի 70 հազար մարդու:
ՅՈւՆԻՍԵՖ-ը կոչ է անում բոլոր կողմերին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Գազայի հատվածում երեխաներին պաշտպանելու համար: Գազայի հատվածում մայիսի 14-ին բողոքի ակցիաներ են անցկացվել Իսրայելի կազմավորման 70-րդ տարեդարձի եւ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու ֆոնին:
Իսրայելացի զինվորները կրակ են բացել բողոքի ակցիաների մասնակիցների վրա, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն 61 պաղեստինցի, տուժածների թիվը հասել է 2,7 հազարի: Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը եռօրյա սուգ է հայտարարել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: