
«Եկել եմ ասեմ, որ ինձ վրա հույս չդնեք, եկել եմ ասեմ, որ հեղափոխության վրա հույս չդնեք, եկել եմ ասեմ, որ Նիկոլի վրա հույս չդնեք». Հրանտ Խաչատրյան

«Եկել եմ ասեմ, որ ինձ վրա հույս չդնեք, եկել եմ ասեմ, որ հեղափոխության վրա հույս չդնեք, եկել եմ ասեմ, որ Նիկոլի վրա հույս չդնեք»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՍԻՄ կուսակցության հիմնադիր, քաղաքական գործիչ Հրանտ Խաչատրյանը:
Ըստ նրա` կարելի է պատկերացնել, որ ջինը դուրս է եկել շշից ու պատրաստ է իրականացնելու ՀՀ քաղաքացիների բոլոր ցանկությունները, և այժմ պետք է ստեղծել ինստիտուցիոնալ կառույցներ, որոնք պետք է հանդիսանան ՀՀ պետականության հիմքը:
«Սա հեղափոխություն է, թեկուզ այն պատճառով, որ կարճ ժամանակում ունեցանք մեծ փոփոխություններ, և խաղաղ հեղափոխություն է, որովհետև կարևոր արդյունքները գրանցեցինք առանց բռնությունների»,- ասաց Հ.Խաչատրյանը:
Նա նշեց, որ երիտասարդությունն այսօր շատ ավելի արժանի է և կարող, և պետք է ստեղծվեն քաղաքական խմբեր, որոնք կմշակեն իրենց ապագայի կուսակցական ծրագրերը:
Հ.Խաչատրյանի կարծիքով` նոր, ազատ, արդար արտահերթ ընտրությունները պետք է լինեն, և դրանով կավարտվի այս հեղափոխական շրջանը: Նրա խոսքով` հեղափոխության առաջին փուլը` մտքի հեղափոխությունը, ավարտվել է, և պետք է անցնել գործնական կառուցողական աշխատանքի: Նա նշեց, որ դժվար է, բայց պետք է ստացվի, որովհետև մեր ժողովուրդը մեծ էներգիա է ներդրել այս գործընթացում, իսկ ժամկետները պետք է որոշի նախաձեռնող թիմը. «Կարճ ժամկետից հետո ընտրություններ անցկացնելու դեպքում նորից 2 տարի հետո արտահերթ ընտրություն պետք է անցկացվի»:
Ըստ նրա` բոլորն արդեն հոգնել էին, որ ՀՀ-ում ժողովրդին խաբում էին, և ոչ միայն՝ ժողովրդին, և այժմ Եվրոպան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը ցանկանում են գործ ունենալ մի ղեկավարի հետ, որի թիկունքում կա ժողովուրդ. «Այսպիսի հեռանկարը բոլորին է բավարարում»:
Կրկին կառավարության մեջ հայտնված ՀՅԴ-ին և ԲՀԿ-ին Հ.Խաչատրյանն «անկայուն տարրեր» անվանեց. «Նրանց ամենալավ ձգտումները հասկանալով հանդերձ, գտնում եմ, որ նրանք ի վիճակի չեն լինի ավելի կայուն դրսևորել իրենց, երբ առջևում ազգային կապիտալի վերաբաշխման խնդիր է դրված: Այս փուլում նրանց նկրտումները հասկանալի են, բայց ոչ ընդունելի»: