«Կա դրական մթնոլորտ` Սոչիում աշխատանքները կառուցողական մթնոլորտում սկսելու համար»․ Սկակով

ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին մասնակցելու է Սոչիում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին։

Մայիսի 8-ին կայացած Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել էին քննարկումները շարունակել Սոչիում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական ծրագրի առաջնահերթություններից է հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը, դրանցում առկա խնդիրների կարգավորումը և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ժողովրդի համար շոշափելի դարձնելը։

168am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ Սոչիում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին ընդառաջ՝ բավականին դրական ուղերձներ են հնչել ՀՀ նորընտիր վարչապետի կողմից։ Ուստի, ըստ նրա, նորմալ հանդիպումներ պետք է ակնկալել Սոչիից։ Սկակովի համոզմամբ, Սոչիի աշխատանքները կանցնեն կառուցողական աշխատանքային մթնոլորտում։

«Փաշինյանի ելույթները ցույց են տալիս, որ նա տիրապետում է հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս իրողություններին, կարևորում է հայ-ռուսական հարաբերությունները, որոնք առաջին հերթին՝ Հայաստանին են անհրաժեշտ՝ հաշվի առնելով Ռուսաստանի երաշխիքները մի շարք ոլորտներում։ Փաշինյանի դիրքորոշումը խոսում է ՀՀ ազգային շահերի դիրքից։ Կարծում եմ՝ Ռուսաստանն էլ կաշխատի Փաշինյանի հետ, քանի որ Ռուսաստանի համար կարևորը Հայաստանի ժողովրդի կամքն է, իսկ թե ում կընտրեր Հայաստանի ժողովուրդը՝ դա ներքին հարց է, և Ռուսաստանն իր բոլոր պաշտոնական դիրքորոշումներով ցույց տվեց, որ իսկապես ռուսական դիրքորոշումն այդպիսին է, քանի որ կային որոշակի սադրանքներ այդ թեմաներով»,- ասաց Սկակովը։

Նրա խոսքով, Փաշինյանի դրական ուղերձների թվին կարելի է դասել նրա հայտարարություններն այն մասին, որ սա հայաստանամետ շարժում էր, որ իր Կառավարությունը չի դնելու ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը լքելու հարց, ինչը ռուսական կուլիսներում շատ էր քննարկվում։

«Բայց պետք է ասել, որ այդ դիրքորոշումը բխում է հենց Հայաստանի շահերից, քանի որ ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցությունը և այդ շրջանակում հայ-ռուսական պայմանագրերն ապահովում են Հայաստանին էժան գներով սպառազինություն, անվտանգության երաշխիքներ այն դեպքում, երբ Հայաստանը շրջապատված է թշնամական հարևանությամբ ՝ Ադրբեջանով և Թուրքիայով։ Այս փուլում ՀՀ որևէ ղեկավարի կողմից ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամակցության հարց բարձրացնելն անմտություն կլինի»,- ասաց Սկակովը։

Անդրադառնալով Փաշինյանի պնդումներին, որ ԵԱՏՄ-ն Հայաստանին պետք է շոշափելի արդյունքներ տա, պետք է մեծանա առևտրաշրջանառությունը և հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրները լուծվեն՝ Սկակովն ասաց, որ ԵԱՏՄ-ն արդյունավետ կառույց դարձնելու ուղղությամբ են աշխատում բոլոր անդամ երկրները և հատկապես՝ Ռուսաստանը։

«Հարաբերություններում խնդիրներ միշտ են առաջանում, լուծվում քննարկումների և բանակցությունների ընթացքում։ Եթե հայկական կողմը խնդիրներ է տեսնում ներկայումս, միանշանակ դրանք կքննարկվեն։ Դուք ականատեսն եք եղել, որ խնդիրներ ԵԱՏՄ-ում առաջանում են հիմնադրման առաջին իսկ օրվանից, եղել են կոնֆլիկտներ հիմնադիր երեք երկրների միջև, ներկայումս Բելառուսը կրկին ԵԱՏՄ-ում առկա խնդիրներ է բարձրաձայնում, դա օգտագործում է գազի գնի նվազեցման նպատակով։ Սա որպես լծակ է օգտագործվում Ռուսաստանի դեմ՝ հասկանալով, որ կառույցի, երկկողմ հարաբերությունների պահպանումը կարևոր է Ռուսաստանի համար ներկայումս։

Ուստի կառուցողական քննարկումներն անհրաժեշտ են, իսկ լծակների լեզվով բարձրացված հարցերը Ռուսաստանի կողմից լուծում չեն ստանում, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառույցի շրջանակում առևտրաշրջանառությունն աճել է և դեռ կաճի, Ռուսաստանը չի կարող անընդհատ մեծ ներդրումներ անել, որպեսզի գոհացնի բոլոր գործընկերներին։ Ինչ վերաբերում է ՀՀ նոր իշխանություններին, կարծում եմ՝ կա դրական մթնոլորտ աշխատանքները կառուցողական մթնոլորտում սկսելու համար»,- ասաց Սկակովը։

Տեսանյութեր

Լրահոս