Բիզնեսի հետ երկխոսելու պահը
Այս օրերին շատերն ակտիվ վերլուծում են ոչ միայն Նիկոլ Փաշինյանի թիմի, այլև Հանրապետականի հնարավոր վարքագիծը։ Կարծիքներ են հնչում, որ հանրապետականները կարող են իրենց հետ փոխկապակցված գործարարներին հորդորել չվճարել հարկերը և փաստի առաջ կանգնեցնել Փաշինյանի կառավարությանը։
Հայաստանի տնտեսությունն այնքան փոքր է, որ, եթե խոշորագույն ընկերություններից մեկ-երկուսը հարկեր չվճարեն, պետական բյուջեն կարող է լուրջ խնդիրներ ունենալ։
Որքանո՞վ է դա իրատեսական։ Նախ՝ նշենք, որ անկախ ՀՀԿ-ի նկատմամբ վերաբերմունքից՝ դժվար է հավատալ, որ այս ուժը կփորձի նման բան անել։ Սակայն, եթե մի պահ ենթադրենք, որ որոշվում է նման մարտավարություն կիրառել, կարո՞ղ է դա աշխատել։
Շատերը չեն պատկերացնում, թե բիզնեսն ինչպես կարող է դուրս գալ պետության դեմ, հարկեր չվճարել ու շարունակել աշխատել։ Ասենք, որ դա տեսականորեն և տեխնիկապես հնարավոր է. ընկերությունները կարող են հարկեր չվճարել՝ առանց օրենք խախտելու և տույժ-տուգանքների տակ ընկնելու։ Ինչպե՞ս։ Գաղտնիքը թաքնված է գերավճարների մեջ։
Հայաստանում տարիներ շարունակ կիրառվել է հարկային գերավճարներ կուտակելու արատավոր պրակտիկան։ Ի՞նչ են գերավճարները։ Դրանք ֆինանսական պարտավորություններ են, որոնք բյուջեն կուտակել է տնտեսվարողների հաշվին՝ համապատախան վճարումները չկատարելու կամ հարկերի տեսքով հավելյալ գումարներ գանձելու հետևանքով։
Ավելի պարզ օրինակով պարզաբանենք։ Ասենք, X ընկերությունը հաշվետվություն է ներկայացնում հարկային մարմնին, որի համաձայն՝ նրա կողմից վճարվելիք հարկերի ծավալը կազմում է, ենթադրենք, 1 մլն դրամ։ Սակայն նրա հետ կապվում են հարկային մարմնից և խնդրում վճարել ոչ թե 1, այլ 1.5 մլն դրամ։ Ասում են՝ ոչինչ, հաջորդ հաշվետու ժամանակաշրջանում 0.5 մլն դրամով պակաս կվճարես, բայց հիմա պետք է «վիռուչատ» անես, որովհետև բյուջեն չենք կարողանում ապահովել։ Սակայն հաջորդ հաշվետու ժամանակահատվածում ոչ միայն 0.5 մլն դրամով պակաս են գանձում, այլ հակառակը՝ կրկին խնդրում են ավելի շատ հարկ վճարել, քան պետք է։ Արդյունքում՝ պետական բյուջեի պարտքը տնտեսվարողի նկատմամբ տարեցտարի մեծանում է։
Հասկանալի է, որ տնտեսվարողին գերավճար տալը ձեռնտու չէ, քանի որ դա նրան զրկում է շրջանառու միջոցներից։ Այլ կերպ ասած, տնտեսվարողն անորոշ ժամկետով անտոկոս պարտք է տալիս պետությանը։ Իսկ ինչո՞ւ չեն հրաժարվել այդ պրակտիկայից։ Որովհետև բիզնեսը 100% մաքուր չի աշխատել՝ շրջանառություն են թաքցրել, աշխատողների իրական թիվն են թաքցրել, և այլն։ Այսինքն, խոշոր բիզնեսը վախենալու բան է ունեցել և չի ցանկացել հարաբերությունները փչացնել պետության հետ՝ խնդիրներից խուսափելու և որոշակի արտոնություններից չզրկվելու համար։
Գերավճարների հիմնական մասը սկսել է կուտակվել ճգնաժամից հետո՝ 2010-2011 թվականներին։ Հետո շարունակել է աճել, և այդ աճն արագացել է հատկապես 2016 թվականին, երբ ցածր տնտեսական աճի պատճառով բյուջեի կատարողականը վտանգի տակ էր։ Արդյունքում՝ կուտակված գերավճարները 2016 թվականի վերջին գերազանցեցին 280 մլրդ դրամը, ինչը հսկայական թիվ է Հայաստանի նման փոքր տնտեսության համար։ Ձնագնդի էֆեկտով աճող գերավճարներն արդեն վտանգավոր էին դառնում, և Կարեն Կարապետյանի կառավարությունը դա հասկացավ։ Որոշվեց վերջ դնել գերավճար հավաքելու պրակտիկային։ 2017 թվականի հունվարի 1-ից, ինչպես հավաստիացնում էր կառավարությունը, գործարարներից գերավճարներ չէին գանձվում։
Դրան զուգահեռ՝ կուտակված պարտքը մարվում էր, գերավճարները մաշեցվում էին։ Սակայն ոչ միանգամից, այլ՝ աստիճանաբար, որովհետև բյուջեն չէր կարող նման ճնշման դիմանալ՝ միանգամից մարել պարտքերը։ Սա էլ կոնկրետ օրինակով պարզաբանենք։ Ենթադրենք, ինչ-որ ընկերության նկատմամբ պետությունը կուտակել է 10 մլն դրամի գերավճար, իսկ այդ ընկերությունը տարեկան վճարում է 4-5 մլն դրամ հարկ։ Հասկանալի է, որ այդ ընկերությունը «չորով» կարող է 2 տարի հարկ չվճարել, որովհետև արդեն վճարել է։ Սակայն այդ դեպքում բյուջե փող չի մտնի։ Դրա համար հարկային մարմինն ու այդ գործարարը գալիս են «ջենթլմենական» համաձայնության. ընկերությունը հաշվարկված 4 մլն դրամի փոխարեն՝ վճարում է, ասենք, 3 մլն դրամ, մնացած 1 մլն դրամն էլ պակասեցվում է նրա նկատմամբ գերավճարից։
Հիմա հասնում ենք ամենահետաքրքիր մասին։ 2017 թվականի ընթացքում կառավարությանը հաջողվեց որոշ չափով՝ մոտ 30 մլրդ դրամով մաշեցնել գերավճարները։ Անցած տարվա հոկտեմբերի գերավճարների ծավալը 260 մլրդ դրամից քիչ էր։ Այսօր հստակ թիվը հայտնի չէ, սակայն կարելի է ենթադրել, որ 230-240 մլրդ դրամից քիչ չի լինի։
Իսկ դա հսկայական թիվ է։ Որպեսզի պատկերացնեք, ասեմ, որ ՀՀ պետական բյուջե ամսական մտնում են միջինը 110-115 մլրդ դրամի հարկեր։ Դա նշանակում է, որ, եթե գերավճար ունեցող գործարարները հրաժարվեն հարկեր վճարել և պահանջեն հարկային պարտավորությունները «դուրս գրել» գերավճարների հաշվին, բյուջեն կարող է լուրջ խնդիրներ ունենալ։
Իսկ կգնա՞ն գործարարները նման քայլի։ Տեսականորեն հնարավոր է, սակայն կարծում ենք՝ ոչ։ Որքան էլ զարմանալի լինի, խոշոր գործարարները Հայաստանի ամենակախյալ և զգուշավոր խավն են. կորցնելու շատ բան ունեն։ Ոչ ոք չի ցանկանում խնդիրներ ունենալ։ Բացի այդ, գործարարները բոլորից լավ են պատկերացնում տնտեսության իրական վիճակը և, թե ինչ խնդիրներ կարող են առաջացնել, եթե փոխզիջման չգնան։
Սակայն, կարծում ենք, բիզնեսն էլ այս պահին սպասողական և անորոշ վիճակում է։ Ճիշտ է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տնտեսական վենդետաներ չեն լինելու, և բիզնեսը վախենալու բան չունի, բայց շատերի համար դժվար է հասկանալ նոր իրողությունները և խաղի կանոնները։ Եղել են նաև այլ մեսիջներ՝ բոլորը պետք է ՀԴՄ տրամադրեն, Մաքսայինը պետք է նորմալ աշխատի, և այլն։ Սակայն սա բավարար չէ։
Իսկ ի՞նչ է պետք անել։ Ֆեյսբուքում այս օրերին մի հումոր է պտտվում. եթե նախկին վարչապետները ունեին մի քանի խորհրդականներ, Նիկոլ Փաշինյանն ունի 3 միլիոն խորհրդական. բոլորը խորհուրդներ են տալիս։ Ամեն դեպքում, մի խորհուրդ էլ մենք տանք։
Ճիշտ կլինի, եթե նորանշանակ վարչապետը հանդիպի հայաստանյան խոշոր գործարարների հետ՝ մի քանի տասնյակ գերխոշոր հարկատուների, որոնք ապահովում են հարկային մուտքերի զգալի մասը։ Հանդիպի և հստակեցնի նոր խաղի կանոնները՝ ինչ մոտեցում է պետությունը ցուցաբերելու նախկին գործելաոճի նկատմամբ, և ինչ կանոններով են շարժվելու այսուհետ։ Բիզնեսին հստակ երաշխիքներ են պետք ու որոշակիություն։
Ինչպես և վերջին հոդվածներից մեկում նշել էինք, բիզնեսի հետ պետք է խոսել ուղիղ և անկեղծ։ Տարիներ շարունակ միշտ նշվել է, որ պետությունը (հատկապես՝ հարկային մարմինները) և բիզնեսը պետք է ոչ թե մեկը մյուսին հակառակորդ դիտարկեն, այլ՝ գործընկեր։ Հիմա բոլոր հնարավորությունները կան՝ խոսքից գործի անցնելու համար։