«Մեր ակումբը ցանկանում է, որ արմատախիլ արվեն նման երևույթները մեր առաջնությունում». «Բանանցը»՝ սկանդալի մասին
Նախորդ շաբաթ հայկական ֆուտբոլում զարգացավ նոր սկանդալ:
ՀՖՖ կարգապահական կոմիտեի նիստից հետո հայտնի դարձավ, որ «Բանանց» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ-ին տեղեկացրել է պայմանավորված խաղի մասին: Ակումբ ՀՖՖ-ին ուղղված գրությամբ հայտնել է, որ «Բանանց ՖԱ»-ի ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոն 03.05.2018թ.-ին դիմել է իրենց և տեղեկացրել է, որ իրեն «Շիրակ ՖԱ» մարզիչ Արարատ Հարությունյանի կողմից առաջարկվել է իրականացնել պայմանավորված խաղի կազմակերպում 05.05.2018 թվականին կայանալիք ՀՀ Բարձրագույն խմբի «Բանանց»-«Շիրակ» հանդիպման ժամանակ:
Ֆուտբոլիստին առաջարկվել է նախնական 1000 ամերիկյան դոլար, իսկ դիտավորյալ սխալների համար՝ 4000 դոլար: «Բանանց» ակումբը գրությանը կից ներկայացրել է նաև ֆուտբոլիստի և Արարատ Հարությունյանի միջև եղած հեռախոսային զրույցի ձայնագրությունները, ինչպես նաև՝ նրանց միջև եղած տեքստային հաղորդագրությունների պատճենները (screenshot նկարները):
Արդյունքում՝ Արարատ Հարությունյանին ցմահ արգելել զբաղվելու որևէ ֆուտբոլային գործունեությամբ: «Շիրակ ՖԱ»-ին տուգանել նվազագույն աշխատավարձի յոթհազարապատիկի չափով և ՀՀ Ֆուտբոլի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության «Շիրակ» թիմի արդյունքները նվազեցնել 12 միավորով:
Այս դեպքերից հետո հայտարարություններով հանդես եկան մի շարք ֆուտբոլային գործիչներ և ակումբներ: Գյումրիում սկսվել էին բողոքի ցույցեր, որտեղ մասնակիցները պահանջում էին չնվազեցնել ֆուտբոլային ակումբի միավորները: Մասնակիցները նշում էին, որ մեկ անհատի գործողությունները չպետք է անդրադառնան ամբողջ թիմի աշխատանքի արդյունքում ստացված միավորների վրա:
Ավելի ուշ հայտարարությամբ հանդես եկավ նաև մեղադրող կողմը:
«Մեր ակումբում առկա են այդ միջադեպի բոլոր անհերքելի ապացույցները: Ըստ սահմանված կարգի, մենք այդ փաստերը տրամադրել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Չնայած նրան, որ ՀՖՖ կարգապահական կանոնակարգի 12-րդ հոդվածի 1-ին մասի նորմը նախատեսում է մեղավոր թիմին տեխնիկական պարտության գրանցման դրույթ, «Բանանց» ֆուտբոլային ակումբը պնդել է, որ հանդիպումը կայանա, քանի որ մեզ համար գլխավորը սպորտային արդյունքն է: Չնայած այդ խաղում կրած պարտությանը, մենք կարծում ենք, որ բացարձակ ճիշտ ենք վարվել:
Նաև ցանկանում ենք ընդգծել մեր ակումբի ֆուտբոլիստ Էդուարդ Կպոդոյի գովելի արարքը: Նա ոչ միայն չի ընդունել խաղը վաճառելու առաջարկը, այլև այդ մասին հայտնել է ակումբի ղեկավարությանը: Հուսով ենք, այս դեպքը կնպաստի նրան, որ նման երևույթներն արմատախիլ արվեն հայկական ֆուտբոլից:
«Բանանց» ֆուտբոլային ակումբում մարզվում են 800-ից ավելի պատանի ֆուտբոլիստներ, երեխաներ: Եվ եթե «Շիրակ» ակումբը չպատժվի, աճող սերնդի դաստիարակումը չափազանց պրոբլեմատիկ կդառնա»,- նշված է ակումբի հայտարարության մեջ:
168.am-ի հետ զրույցում «Բանանց» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Դավիթ Գալստյանը նշում է, որ նման երևույթները պետք է վերացվեն:
«Մեր ակումբը ցանկանում է, որ արմատախիլ արվեն նման երևույթները մեր առաջնությունում, և ցանկանում ենք, որ կիրառվի նման դեպքերի համար նախատեսված պատիժը, որովհետև դեպքն իսկապես շատ վատն է: ՀՖՖ-ն որոշել է, որ սա համապատասխանում է 12 միավոր հանելուն, և կարծում ենք, որ դա հիմնավոր է»,- նշում է Դավիթ Գալստյանը:
Նշենք նաև, որ «Շիրակը» պատրաստվում է բողոքարկել ՀՖՖ-ի կայացրած որոշումը: Ակումբի նախագահ Արման Սահակյանը նշել է, որ իրենք կասկածներ ունեն, որ Արարատ Հարությունյանին պրովոկացիայի են ենթարկել, քանի որ մյուս ակումբները չեն ցանկանում, որպեսզի «Շիրակը» դառնա չեմպիոն:
Սիրարփի Աղաբաբյան