Բաժիններ՝

«Հարկավոր են թարմ դեմքեր». Վահագն Խաչատրյանը՝ տնտեսական բլոկում սպասվող փոփոխությունների մասին

168.am-ի զրուցակիցն է ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը

– Պարոն Խաչատրյան, Դուք կիսո՞ւմ եք իշխանությունների կողմից հնչեցված այն գնահատականները, որ վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող զարգացումները բացասաբար են ազդել երկրի տնտեսության վրա, և ի՞նչ կարելի է ակնկալել առաջիկայում այդ առումով:

– Ավելի հստակ գնահատական տամ. իշխանությունների գոյությունն այս տարիների ընթացքում շատ բացասական է ազդել մեր երկրի տնտեսության վրա, թող իրենք նաև համարձակություն ունենան դա խոստովանել: Այս տարիների ընթացքում իրենց գոյությունը, այն աշխատանքային ոճը, որով իրենք աշխատել են, բացասական են ազդել մեր զարգացման վրա:

Ինչ վերաբերում է այս զարգացումներին, շատ տրամաբանական է, որ այս ժամանակաշրջանի համար կարող էին բացասական ազդեցություն ունենալ, որովհետև, ի վերջո, սպասումներ են եղել, այդ սպասումները փոխվել են, իսկ տնտեսության մեջ շատ կարևոր հանգամանք է տնտեսության զարգացման համար սպասումների առկայությունը: Եթե այդ սպասումները բացասական են, հասկանալի է, որ դրանք բացասական ձևով են ազդում:

Հասկանալի է, որ վերջին տարիներին ՀՀ-ում այդ սպասումները եղել են բացասական, որովհետև որևէ ակնկալիք, սպասում չի եղել իշխանության նկատմամբ, որովհետև իշխանությունն այդ իշխանության իրավունքը ստացել է ոչ թե՝ ընտրությունների միջոցով, այլ՝ ընտրությունները կեղծելով:

Հիմա հակառակ երևույթն է մեզ մոտ, այնպիսի մթնոլորտ է երկրում, որ սպասումները դրական են, և այդ դրական սպասումների արդյունքները շատ արագ կարող են տնտեսության մեջ դրական փոփոխություններ բերել: Մայիսի 8-ից հետո ձևավորվելիք իշխանության խնդիրը պետք է այդ դրական սպասումներն իրական կյանքում իրականացնելու հնարավորություններ ստեղծելը լինի:

– Տնտեսական բլոկում ի՞նչ փոփոխություններ պետք է իրականացվեն, և ըստ Ձեզ՝ կադրային ի՞նչ վերադասավորումներ, փոփոխություններ պետք է լինեն:

– Կադրերի հարցը ես երկրորդական եմ համարում այն առումով, որ առաջին հերթին՝ պետք է ընդհանրապես հանրությանը ներկայացվի այն քաղաքականությունը, որով առաջնորդվելու է նոր կառավարությունը, որը կձևավորվի, այսինքն՝ ինչքանո՞վ է տարբերվելու այսօրվա գործող քաղաքականությունից, ի՞նչ խաղի կանոններով է երկիրը շարժվելու առաջ, արդյոք էլի հովանավորչությունը, մարդկանց օրենքներից դուրս գործելու հնարավորություն տալը, բիզնեսի և քաղաքականության սերտաճման հնարավորությունը բացառվելո՞ւ են, թե՞ ոչ:

Սրանք այնքան մեծ ազդեցություն ունեն տնտեսության վրա և մեր հասարակական կյանքում, որ արդեն նույնիսկ չի կարելի չափել կամ գնահատել, որովհետև մենք սովորել ենք մի կյանքով ապրել, որտեղ այդ ամեն ինչը եղել է, և մենք չենք էլ պատկերացնում, որ կարելի է առանց դրանց ապրել:

Հիմա, եթե խաղի կանոնները փոխվում են, դրա արդյունքում նոր մարդիկ են հայտնվում տնտեսական կյանքում, որոնց նախկին համակարգը հնարավորություն չի տվել, որպեսզի իրենք դրսևորվեն, և այդ մարդիկ նույնիսկ այս օրենքների պայմաններում կարող են մեծ նպաստ ունենալ տնտեսությանը:

Ես գտնում եմ՝ օրենքների մեջ էլ մենք խնդիրներ ունենք: Շատ դեպքերում կտրուկ փոփոխություններ են պետք, մի քիչ էլ՝ վախենալու, բայց պետք չէ դրանից վախենալ, որովհետև եթե բարեփոխումների ենք գնում, այդ բարեփոխումները պետք է արագ արվեն, մանավանդ՝ մեծ աջակցություն կա հասարակության կողմից: Այս առումով արդեն կարևոր է դառնում նաև ձեր հարցի սկիզբը, թե ովքե՞ր են լինելու: Դրանից էլ կարևոր է այն, որ այդ կադրերին նայելով՝ արդեն բոլորն էլ կարող են փորձել հասկանալ, գնահատել, թե ինչքանով են լուրջ այն փոփոխությունները, որոնք ներկայացվելու են:

– Կարճաժամկետ առումով տնտեսության մեջ կարելի՞ է փոփոխություններ ակնկալել: Եթե այդ քաղաքական կամքը դրսևորվի, որքա՞ն ժամանակ անց կարելի է փոփոխությունները զգալ:

– Դա շատ արագ է լինում: Եթե իսկապես կա կոռուպցիայի դեմ պայքար, եթե այդ ուղղությամբ քայլեր են արվում, դրանց արձագանքը շատ արագ է տեղ հասնում, դրանք բոլոր ժողովրդական ալիքներով բոլորին ներկայացվում են, դա ինքն արդեն դրական ազդակ կլինի, որ տնտեսության մեջ արագ բարեփոխումներ լինեն:

– Ինչքա՞ն արագ:

– Նույնիսկ հնարավոր է՝ մեկ ամսում զգացվի: Քանի որ ինքս տեսել եմ Վրաստանում, որ, ասենք, կոռուպցիայի դեմ պայքարում ոստիկանական ամբողջ համակարգը փոխվեց, այնտեղ շատ արագ զգացվեց դա: Հիմա ես չգիտեմ՝ նույն Նիկոլ Փաշինյանի և իր շրջապատի համար առաջնային քայլերը որոնք են, դրանից ելնելով, եթե մի քիչ էլ սպասենք, կարծում եմ՝ մայիսի 8-ից հետո կարող ենք գնահատական տալ:

– Ձեր կարծիքով՝ տնտեսական բլոկի ղեկավար կազմի փոփոխության անհրաժեշտություն կա՞, թե՞ միայն վարչապետի և նրա կողմից խաղի կանոնների փոփոխությունը բավարար կլինի:

– Լավ կլինի, որ նախ հասկանան՝ այդ կանոնները որոնք են, հետո արդեն այդ մարդիկ ինչքանո՞վ են պատրաստ այդ կանոններով աշխատել: Բայց ես գտնում եմ՝ հարկավոր են թարմ դեմքեր: Մասնագետների պակաս հաստատ չի լինի, որովհետև համոզված եմ՝ ներքին օղակներում բավականին պատրաստված մարդիկ են աշխատում: Թարմ դեմքերի ներկայությունը նաև նոր սպասումներ կառաջացնի:

– Ի՞նչ եք կարծում՝ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում վերջին մեկ ամսվա ընթացքում, կնպաստի՞ ներդրումների հոսքին:

– Միանշանակ: Արդեն երկար ժամանակ գործող, շատ հոգնեցնող և նաև շատ հիասթափեցնող համակարգն իր ներկայացուցիչներով ներդրումների համար ոչ նպատակահարմար է դարձել: Այսինքն՝ որքան էլ մեզ փորձում էին ներկայացնել՝ այսպես ենք անում, այնպես ենք անում, այդ ներկայացնողների գոյությունն արդեն ինքը վանում էր ներդրողներին, իսկ նոր մարդկանց ներկայությունը գուցե և՛ անհանգստություն առաջացնի, և՛ համոզված եմ՝ ավելի շատ հավատ կներշնչի, և ներդրողները կգան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս