Բաժիններ՝

«Ես տուն չունիմ, բայց անօթևանի կարգավիճակ ունիմ». Գյումրու բնակիչ

Գյումրեցի Անդրանիկ Աստոյանի հիմնախնդրին 168.amանդրադարձել էր դեռևս ամիսներ առաջ:

Գյումրու Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 237 տնակային թաղամասի 644-րդ տնակում բնակվող Ա. Աստոյանը երկար տարիներ աշխատանք չունի, անչափահաս երեխան էլ առանց մայր է մեծանում, քանի որ առողջական խնդիրներով պայմանավորված՝ երեխայի մայրը բուժօգնություն է ստանում «Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում»:

Վերջինս տնակում բնակվում է իր անչափահաս դստեր հետ, ում մի ժամանակ ստիպված մանկատուն էր ուղարկել: Անդրանիկ Աստոյանի բնակարանի հարցը մինչ օրս չի կարգավորվել:

Իր խոսքերով, թեև անօթևան է, համապատասխան փաստաթուղթ էլ ունի, սակայն իրեն մինչ օրս բնակարան չեն տվել: Մինչդեռ վերջինս ցանկանում է կրկին ամուսնանալ, նորմալ պայմաններում մեծացնել իր դստերը:

Կարդացեք նաև

«Տուն չեմ ստացել: Երկրաշարժին Մանուշյան 13-րդ շենքի 48-րդ բնակարանը փլվել է: Հմի ես տուն չունիմ, բայց անօթևանի կարգավիճակ ունիմ: Դիմում եմ գրել, ամեն տարի տարել-տվել եմ, մնացել ենք երկու անձ, բայց ես չեմ կարող բնակարան ստանալ: Հա կսեն՝ էս տարի չի էղնի, մյուս տարի արի, ըսպես, 30 տարին կչլչլեն: Էրեխեքն արդեն առանձնացել, գնացել են: Մեկը՝ Հոկտեմբերյանում, մյուսն Էջմիածին կապրի:

Էս մե էրեխեն է մնացել մոտս, որը երկրորդ կնոջիցս է: Ես էդ էրեխուն կպահեմ, բայց վայ էդ պահելուն. ո´չ կռնամ աշխատիմ, ո´չ էլ, եղածն էլ ժամանակավոր գործ է: Տնակն էլ կփլվի: Ես մենակ 23000 դրամով լույսի, հեռախոսի փո՞ղ տամ, թե՞ ապրինք: Էդ վիճակում ապրե՞լ կեղնի: Մենակ հացի փողը հաշվարկենք, օրական 3 հաց կերտա: Մենակ 10000 ամսական ծխախոտի փող»,- ասում է Անդրանիկ Աստոյանը:

Վերջինս երկրաշարժից հետո է հերթագրվել բնակարան ստանալու համար:

«Ախպերս իրա ընտանիքն առավ, Ռուսաստան գնաց: Երկրորդ կինս առանձին կապրի: Մարզպետարանում, «Գյումրին առանց տնակներ»-ի, ըդտեղ էլ եմ հաշվառված: Ի վիճակի չեմ սպես ապրել: Կխնդրեմ, եթե ընձի տուն չեն տալու, թող տնակի վիճակը բարելավեն: Ես փող չունիմ, թող օգնեն ամեն ձևի, ես իմ տունս կառուցեմ: Հակառակ դեպքում թող ընձի հովանավորեն՝ ես էս երկրից էրտամ»,- ասում է մեր զրուցակիցը:

Մեր մեկ այլ զրուցակից՝ գյումրեցի Կարեն Սողոյանն էլ բողոքում է հանրապետությունում առկա սոցիալական անբարենպաստ վիճակից:

«Ես 60 տարեկան եմ, երկար տարիներ է, ինչ Գյումրիում եմ բնակվում: Ասում են՝ ծնողը պարտավոր է երեխաներին բնակարանով ապահովել: Ես վարձով եմ ապրում, աշխատանք չկա, որ գումար ետ գցեմ, բնակարան գնեմ: Միայն խոսում են: Դե գնացեք՝ սեփական աշխատանքով հա´մ տուն գնեք, հա´մ երեխա պահեք, հա´մ ապրեք, նայեմ՝ կարո՞ղ եք»,- ասում է Կարեն Սողոյանը:

Հավելենք, որ ժամանակ առ ժամանակ գյումրեցի անապահով ընտանիքներին օգնություն է տրամադրում «Շիրակ» կենտրոնը:

Վերջերս էլ Ամերիկայում բնակվող գյումրեցի երգիչ Հովհաննես Շահբազյանը նորակառույց բնակարան է նվիրել «Շիրակ» կենտրոնի պատրաստած տեսանյութերից մեկում ՝ «30 տարի շարունակ աղքատության և անօթևանության ճիրաններում» ներկայացված անօթևան ընտանիքին:

Վերջում Անդրանիկ Աստոյանի խնդրանքով հրապարակում ենք նաև իր բջջայինի համարը:

Նրան օգնել ցանկացողները կարող են զանգահարել 098009674 հեռախոսահամարով:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս