«Զոնը երևի ավելի լավ է, քան ստեղ՝ էս տնակի մեջ»

Գյումրեցի Անդրանիկ Աստոյանը, ով 4 զավակների հայր է, այժմ բնակվում է իր անչափահաս դստեր հետ, ում մի ժամանակ ստիպված մանկատուն էր ուղարկել:

Ոչ միայն նա, այլև իր ամուսնացած զավակները չունեն սեփական բնակարան:

Գյումրու Խրիմյան Հայրիկ փողոցի 237 տնակային թաղամասի 644 տնակում բնակվող Ա. Աստոյանը երկար տարիներ աշխատանք չունի, անչափահաս երեխան էլ առանց մայր է մեծանում, քանի որ առողջական խնդիրներով պայմանավորված՝ երեխայի մայրը բուժօգնություն է ստանում Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում:

Այս ընտանիքը երբեմն օգնություններ է ստանում, սակայն դա հարցի լուծում չէ, քանի որ ապրելու համար ընտանիքի հորը մշտական աշխատանք է անհրաժեշտ: Իսկ 23.000 դրամ նպաստով որևէ բան անել հնարավոր չէ, այս գումարը նույնիսկ կոմունալ ծախսերին չի բավարարում:

Կարդացեք նաև

«Հաց բդի առնինք, գազ, էներգիա, էդ փողը երեք օրվա մեջ կծախսվի: Տնակի պատն արդեն թեքվել է, ժեշտով փակած է, որ քամի չմտնի տունը: Ըդիկ որ բլավ, չէ՞, մենք սաղ չենք մնա: Ամեն ինչից զրկված, պլենի պես քաղաքում՝ դաշտի մեջ կապրիմ, սաղ մկանոց, կռիսանոց, արդեն քանի տարի է՝ կբողոքեմ, տարել, ընձի գցել են Կոշտոյան, ոչ փեշկ կվառի, ոչ էլ: Սաղ իրար հետ մեկ սենյակ է, ոչ կռավատի տեղ կա, ոչ էլ փեշկի: Ոչ բանկի պարտքը կռնամ փակեմ, ոչ էրեխա պահեմ:

Քանի որ ես դոմիկի մեջ կապրիմ, վառելափայտով ընձի օգնեց, փող էլ տվեց Վահան Թումասյանը, իրանից շատ շնորհակալ եմ: Կոշիկ էլ չեմ ունեցել, հանե երկու հատ կոշիկ է տվել, որ հագնիմ:

Աշխատանք չունիմ: Ես 3 կմ էս երեխուն ո՞ւր տանիմ, տանում եմ «Թռչունյաց տուն», չի կռնա էնտեղ մնա, ես էլ առանց իրա չեմ կռնա: Չոլի մեջտեղը կապրիմ, դարդակ նստած եմ տնակի մեջ: Արդեն իմ հոգեբանականս էլ կխախտվի, էդ փետ ջարդելը, լվացք էնելը: Մե երեխեմ է, խանութ կերթամ, լաց կեղնի, թե՝ պապա ես էլ հետդ գուկամ: Երեք անգամ հիվանդանոց ընկա, ո՞ւմ պետքն է: Կսեն՝ տար «Թռչունյաց տուն», բայց ընչի՞ տանիմ, մարդիկ մանկատներից էրեխեքին կհանեն, ես մանկատո՞ւն տանիմ: Էգուց էդ երեխեն 18 տարեկան եղավ, կսե՝ դու ընձի ի՞նչ հեր, ընձի պետությունն է պահել: Մե 20 տարի հետո էդ էրեխեն կսե՝ սպես ղեկավարներ ենք ունեցել: Շան պես կսատկցնեն, քիչ-քիչ, մարմանդ:

Թուրքը լավ է՝ մեկից վիզը կկտրե, սոնք կամաց-կամաց կսատկցնեն՝ մարդկանց աղքատության մեջ պահելով, սննդազուրկ սարքելով, էս էրեխեքից ի՞նչ երեխա պետք է ծնվի: Հլը սննդամթերքով էրեխուն ապահովի, չէ՞, ոչ բանակ կտանիս, հեչ մե բանով ղեկավարություն չկա: Էգուց թուրքի հետ կռիվ էղնի, մերոնք վարի կերտան, քանի որ սննդազուրկ են: Հայրենիք կգովեն, ուր ա՞ հայրենիք, կամ էդ «Հայաստան համահայկական հիմնադրամը», որ հեռուստամարաթոն կկազմակերպե, ուղղակի խայտառակություն է: Համ էլ հեռուստամարաթոն կկազմակերպեն, մենակ Ղարաբաղ տներ կսարքեն, բա մենք… Հայաստանը լրիվ բաժնել են Կարեն Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, Սերժ Սարգսյանի միջև:

Մենք էլ մեջներն իսկական գերիներ ենք, ո՞վ պետք է մեր մասին մտածե, հեչ մարդ: Ես կխնդրեմ՝ թող մե շաբաթըմ իրանք գան, իմ շիտավոյ դոմիկիս մեջ ապրին, ես էլ իրանց տան մեջ ապրիմ, ինչ կեղնի՞ որ: Քամին քիչմ փչե, էդ դոմիկից բան չի մնա: Շատ վատ է վիճակը, զոնը երևի ավելի լավ է, քան ստեղ՝ էս տնակի մեջ»,- ասում է մեր զրուցակիցը:

Բնակարան ստանալու և աշխատանք ունենալու ակնկալիքով Անդրանիկ Աստոյանը դիմել է նաև «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարին, սակայն իր բողոքը որևէ օգուտ չի ունեցել:

«Ես հմի գուզեմ դուրս գամ, Ռուսաստան էրտամ, բայց չի ստացվի: Իրոք, որ ես զզվել եմ էս պետությունից: Իմ ախպերներս Ռուսաստան են, ապահովված են, հմի ախպերն ախպորը տեր չի էղնի, նշան չունի, իրանք իրանց 70.000 դոլարանոց ավտոն կքշեն, բայց ես էսօրվա դրությամբ հեչ բան չունիմ: Հմի ընձի մեկ սենյակ էլ տան՝ քիչ է, որովհետև ես բդի ամուսնանամ, քանի որ էրեխուս մեր է պետք, բայց էս տնակի մեջ ո՞վ գուկա, շունն էլ չի ապրի: Գոմը, որ գոմ է, քարից է սարքած, էս ի՞նչ վիճակ է: Չոլի մեջ կապրիմ, 3 կմ հեռու բդի էրտամ, որ հաց առնիմ:

Ղեկավարություն էլ չկա, ես էլ շատ խնդիրներ ունիմ, առողջությունս էլ լավ չէ, բժշկության համար էլ փող չունիմ, որ փող տայի, կարգս վերցնեի, սոված-ծարավ ապրող մարդն ի՞նչ պետք է էղնի: Չեմ էլ գնացել բժշկի, ուշք ու միտքս էրեխես է: Մասնագիտություն՝ մենակ շոֆերություն էնել գիտեմ, էն էլ աչքերիս վատ տեսողության պատճառով չեմ կռնա ավտո քշեմ: Մեկին գցեմ տակը, ընձի ի՞նչ պետք է»,- ասում է Անդրանիկ Աստոյանը:

Գյումրու բնակչի միակ պահանջն այն է, որ բնակության համար նորմալ բնակարան հատկացնեն իրենց ընտանիքին: Նաև մեկ ավտոմեքենա՝ անչափահաս աղջկան մանկապարտեզ տանելու համար, որը բնակության վայրից բավական հեռու է գտնվում:

Ա. Աստոյանն իր բնակարանը կորցրել է 1988 թվականի երկրաշարժի հետևանքով, անօթևանի կարգավիճակ ունի, սակայն մինչ օրս փոխհատուցում չի ստացել:

Գյումրու բնակիչներից Սվետլանա Սարուխանյանի խոսքով՝ անօթևանության հարցը Գյումրիում կլուծվեր, եթե ռուս շինարարներին չվռնդեին երկրից, գոնե հիմա Մարմաշենի խճուղում գտնվող կիսակառույցների փոխարեն՝ այժմ կունենայինք նորմալ կառուցված շենքեր, որոնք անօթևաններին հատկացված կլինեին: Այս ծրագրի ձախողման միակ պատճառը Ս. Սարուխանյանն համարում է մեր իշխանությունների վարած անհեռատես քաղաքականությունը:

Գյումրու սոցիալապես անապահով մեկ այլ բնակիչ էլ մեզ հետ զրույցում նշեց, որ թեև ՀՀ իշխանությունները ցանկանում են Գյումրիում անօթևանության հարցը կարգավորել՝ անօթևաններին վարձակալական սկզբունքով բնակարաններ հատկացնելով, սակայն այդ կերպ խնդիրը չի կարգավորվի, քանի որ անհրաժեշտ է բնակիչներին սեփականության իրավունքով բնակարաններ հատկացնել:

Հավելենք, որ անօթևաններին տարատեսակ օգնություններ է հատկացնում «Շիրակ» կենտրոնը, որը 1988 թվականի երկրաշարժի 30-ամյա տարելիցին ընդառաջ՝ հանդես է գալիս` «30 տեսանյութ դոմիկներում բնակվող ընտանիքների մասին» տեսանյութերի պատրաստման և հանրայնացման նախաձեռնությամբ:    Ներկայացվող տեսանյութերից մեկում պատմվում է կիսաքանդ և խոնավ տնակում իրենց երկու մանկահասակ երեխաների հետ պատսպարված երիտասարդ ընտանիքի կացարանային պայմանների մասին:

Այս կենտրոնի ներկայացուցիչները յուրաքանչյուր օր հանդիպում են սոցիալապես առավել ծանր ապրելակերպ ունեցող ընտանիքների:

Անահիտ Սիմոնյան

Տեսանյութեր

Լրահոս