«Որ սա իսկապես հաղթանակ է, դրանում ոչ մի կասկած չունեմ». Հրանտ Թոխատյան
Երեկ օրվա երկրորդ կեսին ներքաղաքական կյանքում կտրուկ շրջադարձեր գրանցվեցին՝ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հայտարարություն տարածեց, որում նշում էր երկրում տիրող ներքաղաքական իրավիճակն ու դրանից դուրս գալու վերաբերյալ սեփական դիրքորոշումը: Գրեթե միաժամանակ, Երևանի «Մարիոթ» հյուրանոցում խորհրդակցություն էին անցկացնում ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ու «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, որի ավարտին լրագրողների հետ կարճատև ճեպազրույցի ընթացքում բանակցող կողմերը հայտարարեցին՝ առաջիկա վարչապետական ընտրությունների ընթացքում «Ծառուկյան» դաշինքը լիարժեք կերպով կպաշտպանի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:
Ստեղծված իրավիճակի շուրջ 168.am-ը զրուցել է դերասան Հրանտ Թոխատյանի հետ:
– Պարոն Թոխատյան, վերջին օրերին մեր երկրում ժամ առ ժամ նոր իրողություններ և քաղաքական նոր իրավիճակ է գրանցվում: Ձեր կարծիքը վերջին իրողությունների վերաբերյալ:
– Նախօրեին երեկոյան ընկերներիս հետ զրույցի ժամանակ ասացի, որ հենց այսպես էլ լինելու է: Տրամաբանությունը, կյանքի փորձն ու անցած տարիներն ամեն դեպքում հենց սրան էին բերում: Այլ բան է, որ հարց է ծագում, թե ինչո՞ւ դա չպատահեց նախորդ օրը՝ մայիսի 1-ին: Պետք է խոստովանեմ, որ ինձ համար դա շատ տարօրինակ էր, և ես կարծում եմ, որ այդ ամենից հետո զգալով համընդհանուր ցասումն ու իրավիճակը, երևի մեջները հանկարծակի, չգիտեմ որտեղից որտեղ, գտնվել են մի երկու խելքը գլխին, գոնե բանականություն ունեցող մարդիկ, ովքեր հասկացել են, որ նման կերպով այս ամենն այլևս չի կարող շարունակվել: Այսինքն, նրանք պետք է անեն այն, ինչ պահանջում է ժողովուրդը:
– Իսկ ի՞նչ է, ձեր կարծիքով, պահանջում ժողովուրդը:
– Ժողովուրդն ուզում է փոփոխություն: Էլ վերջ, էլ արդեն հոգնել ենք այն համակարգից, որ տարիներ շարունակ աշխատել է այս երկրում: 1988-ին ես անցել եմ այս ամենը: Ամեն ինչ նույնն է՝ նույն ոգևորությունը, երգ ու պարը: Երբեք չեմ ափսոսացել, որ ես եղել եմ այդ շարժման մեջ, բայց, ցավոք սրտի, քանի որ ես տեսել եմ նաև դրա արդյունքը, և մինչև այսօր մենք ազգովի դեռ շարունակում ենք դա տեսնել, դա ինձ տալիս է սկեպտիկ մտածելու գոնե մի փոքր տոկոս, որ պետք է լինենք շատ զգոն և շատ ուշադիր:
Երբ ինձ մեղադրում են, թե ահա՜, համերաշխության կոչով համ մեխին եմ խփում, համ նալին, ես կրկին անգամ կոչ եմ անում նույն համերաշխությանը, որովհետև, եթե մենք այսօր չփորձենք մի փոքր ներողամիտ վերաբերվել մեկս մյուսին, վաղն ունենալու ենք նույն արդյունքը: Հենց դրա համար էր, որ երեկ, տեսնելով, որ մշակույթի մի խումբ գործիչներ հավաքվել են Մշակույթի նախարարության առաջ և պահանջում են նախարարի հետ հանդիպում, ինքս գնացի այնտեղ, ինքս բարձրացա իմ շատ լավ ընկերոջ՝ Արմեն Ամիրյանի մոտ, ու մենք բավական երկար զրույցից հետո կարողացանք մի հայտարարի գալ:
Իրականում իր մոտ էլ պահը հասունացել էր և համարյա կես քայլ էր մնում, որպեսզի նա դա աներ, և մեր հանդիպմամբ այդ իրավիճակը հանգուցալուծվեց: Նա իջավ ներքև, հավաքված մարդկանց ասաց՝ շնորհակալություն 1.5 տարի միասին աշխատելու համար, հիմա ես պատրաստվում եմ հրաժարական ներկայացնել: Հիմա ո՞նց ես կարող եմ այդ քայլը չողջունել, ապրի՛ ինքը:
– Պարոն Թոխատյան, կա՞ մեկը, ում դուք արդեն տեսնում եք ապագա Մշակույթի նախարարի պաշտոնում:
– Մշակույթի ոլորտն այնքանով է սովետական, որ այնքան ծանր ու մեծ աշխատանք է պահանջվում այդ ոլորտը խելքի բերելու համար: Չգիտեմ, թե ո՞վ կհամարձակվի իր վրա վերցնել այդ ծանր ու մեծ բեռը: Ես ենթադրում եմ, որ բավական մեծ թվով մարդիկ դուրս կգան այդ ոլորտից, որպեսզի իրենց գտնեն մեկ այլ ոլորտներում, որպեսզի համակարգը ուշքի գա: Քանի որ շատ լավ եմ ճանաչում Մշակույթի ոլորտը, պետք է հստակ ասեմ, որ դա ամենածանր ոլորտներից մեկն է: Ինչ վերաբերում է այդ պաշտոնում որևէ մեկին տեսնելուն, ապա ոչինչ ասել չեմ կարող: Մի բան է միայն հստակ՝ եթե հանկարծ որևէ մեկը երբևիցե ինձ առաջարկի ղեկավարել այդ ոլորտը, ես առաջինը կլինեմ, որ կհրաժարվեմ:
– Ինչպես վերջին շաբաթներին գրեթե ամեն օր Հանրապետության հրապարակը մարդաշատ էր: Տոնական տրամադրությունն այսօր այնտեղ կարծես թե ակնհայտ է…
– Որ սա իսկապես հաղթանակ է, դրանում ոչ մի կասկած չունեմ: Սա ժողովրդի ու հատկապես երիտասարդների զարթոնքն ու հաղթանակն է: Եթե այս ոգևորվածությունը կարողանանք պահել ու ըմբռնումով մոտենալ բոլոր հետագա քայլերին, կարողանանք հասկանալ, որ այնպես չէ, որ վաղվանից բոլորիս գլխին երկնային մանանա է թափվելու, ու, որ ահռելի աշխատանք կա անելու, ամեն ինչ ավելի լավ կլինի: