«Կարելի է ասել, որ իրավիճակն արդեն դուրս է եկել սահմանադրականության դաշտից»
168.am-ի զրուցակիցն է ՌԴ Արևելագիտության ինստիտուտի Կովկասի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը
– Պարոն Սկակով, արդեն 2 շաբաթ Հայաստանում շարունակվում է ներքաղաքական ճգնաժամը։ Ձեր տպավորությամբ՝ ի՞նչ է կատարվում։
– Տեղի է ունենում այն, որ ՀՀ ներկայիս իշխանությունները՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, մեղմ ասած, այլևս չեն վայելում ողջ հանրության անվերապահ աջակցությունը, ինչ նախկինում։ Հայ հասարակության համար անընդունելի են այս իշխանությունները, հետսովետական տարածքում երևի թե ավելի անընդունելի է եղել միայն Յանուկովիչը։ Ուստի օրինաչափ է, որ կարևոր չէր հասարակության համար, թե ում հետ կգնան իշխանության դեմ, կարևոր էր, որ գնան ընդդդեմ այս իշխանությունների։ Այսինքն՝ կարևոր է ոչ թե՝ ինչ-որ մեկի կողմից լինելու պատճառով միանալ շարժմանը, այլ՝ դեմ։
Ուստի հարցը Փաշինյանի անձի մեջ չէ, այլ այն բանի, որ կար մեծ դժգոհություն Սարգսյանի և նրա կողմից ստեղծված իշխանական համակարգի դեմ, համակարգը բոլորին հոգնեցրել է։ Այնուամենայնիվ հուսով ենք, որ իրավիճակը կհանգուցալուծվի առանց բախումների ու երկրի համար մեծ ցնցումների, որը կարող է անհաղթահարելի խնդիր դառնալ ՀՀ քաղաքական դաշտի համար:
– Տեսնում ենք, որ կողմերը դեռ չեն կարողանում ելք գտնել այս իրավիճակից։ Մայիսի 1-ին ՀՀ ԱԺ-ում վարչապետի ընտրություններ տեղի ունեցան, և ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը չընտրվեց, մայիսի 2-ից հանրապետությունում շարունակվում են անհնազանդության գործողությունները՝ բնականոն կյանքի արգելափակումներով։ Ինչպիսի՞ ելք եք տեսնում այս իրավիճակից, որը կարող է ընդունելի լինել թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության համար։
– Ես կարծում եմ՝ այնուամենայնիվ կա մեկ ելք և կոմպրոմիսային տարբերակ գտնելու հնարավորություն, այսինքն՝ պետք է գտնել երրորդ տարբերակ։ Ըստ իս, իշխանությունները կհամաձայնեն և առաջարկում են նույնիսկ, որպեսզի Փաշինյանն իր տեղը գտնի ՀՀ կառավարման համակարգում, որը կհամապատասխանի նրա հավակնություններին և հնարավորություններին։
Խոսքը ոչ թե ՀՀ վարչապետի պաշտոնի, այլ մեկ այլ պաշտոնի մասին է։ Սա տարբերակ է առճակատումից խուսափելու համար։ Եթե չի հաջողվում վարչապետ, ապա կարելի է ինչ-որ զիջման միջոցով դուրս գալ այս փակուղուց, որպեսզի լարվածության հետագա աճ չգրանցվի։
– Նիկոլ Փաշինյանը պարզ հայտարարում է, որ այլ թեմայով բանակցություններ չի վարելու իշխող ՀՀԿ-ի հետ, նա նշում է, որ կարող է բանակցել միայն ՀՀԿ-ի իշխանությունից հեռանալու հարցը։ Այս դիրքորոշումն ինչի՞ կարող է հանգեցնել, եթե չկա բանակցելու ցանկություն, քանի որ ՀՀԿ-ն այս օրերին էլ դեռ շարունակում է հրապարակային բանակցության առաջարկներ անել։
– Իրավիճակը միանշանակ դուրս է գալու սահմանադրականության դաշտից։ Կարելի է ասել, որ այն արդեն դուրս է եկել այդ շրջանակներից։ Մարդը պետք է հասկանա, որ պետք չէ սադրանքների տպավորություն թողնել։ Պարզապես պետք է լավ մտածել յուրաքանչյուր քայլից առաջ, քանի որ հետևանքներն անկանխատեսելի կարող են լինել։ Չեմ կարծում, որ կլինի իրավիճակ «պատը՝ պատին»։ Բայց այն, որ արյուն կարող է թափվել, շատ հնարավոր է։ Բոլորի համար պարզ է, որ դրանից կօգտվի Հայաստանի արևելյան հարևանը։ Եթե այդ խաղերը ձեռնտու են և հարմար են Փաշինյանին, կարող է շարունակել խաղալ այդ խաղերը։
– Մոսկվան բազմիցս պաշտոնապես անդրադարձավ ստեղծված փակուղային իրավիճակին։ Հետաքրքիր է իմանալ՝ պաշտոնական հայտարարություններից զատ, ի՞նչ հետաքրքրություն ունի Մոսկվան այս ամենում։ Կա տեսակետ, որ Մոսկվան ներկայիս իշխանությունների պահպանման կողմնակիցն է, կա հակառակ տեսակետը ևս։ Կան տեսակետներ, որ Մոսկվան այլ նախկին նախագահների է փորձում առաջ մղել: Ինչպիսի՞ն են իրական տրամադրությունները։
– Պաշտոնական Մոսկվայի համար կարևոր չէ, կարծում եմ, ամենակարևորն այն է, որ Հայաստանում լինի կայունություն, համաձայնություն հասարակության և իշխանության միջև, չլինի առճակատում։ Հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները բխում են առաջին հերթին՝ Հայաստանի շահերից, սրա մասին էլ Մոսկվան առանձնահատուկ չի մտահոգվում։ Եթե Հայաստանը ցանկանում է խզել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հարավային Կովկասում մնալով միայնակ, դա կարող է լինել, բայց սա վտանգավոր խաղ կլինի Հայաստանի համար։ Այսինքն՝ սա Հայաստանի ներքին գործն է, իսկ Ռուսաստանի հետաքրքրությունը Հայաստանի կայունությունն է, և այսքանը: Շատ անուններ կարող են շրջանառվել՝ իբրև թե Ռուսաստանի կողմից հովանավորվողներ, բայց նման գործիչներ ես չեմ տեսնում:
– Եթե անկայունությունը շարունակվի, կարո՞ղ է լինել մի փուլ, երբ Ռուսաստանը փորձի հրապարակային միջամտել, քանի որ կան խոսակցություններ, թե ռուսական որոշ շրջանակներ կողմ են և հրահրում են ուժային լուծում։ Ի՞նչ կասեք այս մասին։
– Իրավիճակի կարգավորման ուժային եղանակները, թեև հնարավոր, բայց դեպի փակուղի են տանելու իրավիճակը։ Մոսկվայում իսկապես տարբեր խմբեր կան, որոնք տարբեր շահեր ու հետաքրքրություններ ունեն, նրանք շատ տարբեր դիրքորոշումներ ու կարծիքներ կարող են ունենալ: Կարելի է գտնել ավանտյուրիստների ևս, տարբեր փորձագետների, որոնք այնպիսի առաջարկներով և խորհուրդներով են հանդես գալիս, որ զարմանալ կարելի է: Նման վտանգավոր իրավիճակում պետք է լսել ոչ թե փորձագետներին, իշխանությանը մոտ խմբերին, այլ հենց իշխանություններին ու նրանց պաշտոնական դիրքորոշումները՝ ՌԴ իշխանությունները, ՌԴ ԱԳՆ-ն, ՌԴ ՊՆ-ն։ Մոսկվան չի պատրաստվում միջամտել, ինչի մասին բազմիցս ասել է։
– Հայաստանում շատ է քննարկվում նաև Փաշինյանի գործողություններում արտաքին միջամտության հնարավորությունը: Որոշ ռուս գործիչներ ևս մեղադրել էին նրան հակառուսական գործողությունների մեջ: Որքանո՞վ են իրատեսական այս կարծիքները:
– Եթե՝ անկեղծ, ես չեմ տեսնում արտաքին որևէ միջամտություն, ես տեսնում եմ դժգոհություն հասարակության շրջանում ՀՀ իշխանությունների դեմ։ Մնացած բոլոր խոսակցությունների համար իրատեսական հիմքեր չեմ տեսնում: Ինչպես ասացի, ես նկատում եմ ներքին դժգոհություն, որը կարող էր պայթել՝ անկախ Փաշինյանի անձից: