«Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի և իշխանության դիրքորոշումներում առանձնապես մեծ տարբերություններ չկան». Հերմինե Նաղդալյան
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը գտնում է, որ առանձնապես մեծ տարբերություններ չկան վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի և իշխող Հանրապետական կուսակցության դիրքորոշումներում՝ արտաքին քաղաքականության, ԼՂ-ի կարգավորման, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, անգամ կադրային քաղաքականության առումով։
Այսօր ԱԺ-ում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ խմբակցության պատգամավորների հանդիպման ժամանակ Հ.Նաղդալյանը նշեց, որ ամենամեծ տարբերությունը համբերության մասով է, որ Փաշինյանը մտադիր է համբերատար աշխատել ԵԱՏՄ գործընկերների հետ, սակայն իշխանությունն էլ է համբերատար աշխատել։
Հ.Նաղդալյանը նշեց, որ վերջին օրերին ադրբեջանական մամուլն իր մի շարք քաղաքական գործիչների շուրթերով գոհունակություն է հայտնում Հայաստանում կատարվող իրադարձությունների կապակցությամբ և հատկապես նշում, որ ռազմաքաղաքական էլիտան հեռանում է, և նրա փոխարեն գալու է ժողովրդավարական հայացքներով էլիտա, որոնց հետ Ադրբեջանը պատրաստ է մեծ ուրախությամբ համագործակցել Ղարաբաղի կարգավորման հարցում։ Հ.Նաղդալյանը Ն.Փաշինյանից հետաքրքրվեց, թե նա որևէ վտանգ չի՞ տեսնում հնարավոր ռազմական և այլ զարգացումների իմաստով, որ կարող են լինել Ադրբեջանի կողմից։
Ն.Փաշինյանը պատասխանեց, որ իրենց քաղաքական գործընթացներում նշված հարցերին առանձնապես անդրադարձ չի եղել, չի խոսվել Ղարաբաղի, ԵԱՏՄ-ի, արտաքին քաղաքականության մասին, և իրենց օրակարգը եղել է ներհայաստանյան.
«Եվ որևէ զարմանալի բան չկա, որ մենք խոսում ենք ինչ-որ պրոցեսների շարունակականության անհրաժեշտության մասին։ Բայց ես ուզում եմ ընդգծել, որ շարունակականություն չի նշանակում՝ նույնականություն, որովհետև, ինչպես գիտեք, սատանան դետալների մեջ է»,- ասաց նա։
Ռազմաքաղաքական էլիտայի վերաբերյալ Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունների կապակցությամբ Ն.Փաշինյանը նշեց, որ բոլորն էլ արձանագրում են, որ մեր զինված ուժերի կայունությանը, այդ թվում՝ կադրային, ոչինչ չի սպառնում, իրենց տրամադրվածությունը կադրային ջարդ իրականացնելը չէ, և Ադրբեջանում ոչ թե ուրախանալու, այլ անհանգստանալու խնդիր ունեն, որովհետև այս քաղաքական պրոցեսներն էականորեն բարձրացրել են մեր ազգային ոգին՝ սրանից բխող, այդ թվում՝ ռազմաքաղաքական հետևանքներով.
«Եթե նույնիսկ Ադրբեջանում ուրախացել են, ես կարծում եմ, նրանք նույնպես իրավիճակը սխալ են գնահատում»,- հակադարձեց Փաշինյանը։
Հ.Նաղդալյանը նաև հետաքրքրվեց, որ, եթե Փաշինյանի կարծիքով, Ռուսաստանը շարունակում է մնալ ՀՀ-ի ռազմաքաղաքական գործընկերը, զենքի վաճառքը ե՞րբ է դադարելու, ինչպե՞ս է այս խնդիրը համբերատարությամբ լուծելու։
Ն.Փաշինյանը պատասխանեց, որ ռուս գործընկերների հետ վերջին շփումների ժամանակ այդ թեման չի շրջանցվել և այսուհետ էլ ցանկացած պատեհ առիթ օգտագործվելու է այդ հարցը բարձրացնելու համար. «Կարծում եմ, դա իսկապես կարևորագույն նշանակություն ունենցող խնդիր է»։