
«Հնարավորինս սեղմ ժամկետներում Նիկոլ Փաշինյանը պետք է հասնի նոր, արտահերթ ընտրությունների իրականացման». Կարինե Խոդիկյան

Արձակագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձ կատարելով վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումներին, Սերժ Սարգսյանի հրաժարականի, ինչպես նաև դրան հաջորդած և դեռ սպասվելիք փոփոխությունների թեմային՝ նշում է՝ ինչպես ՀՀ նախկին վարչապետ և ՀՀԿ նախկին առաջնորդ Սերժ Սարգսյանի, այնպես նաև ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի երեկ կատարած հայտարարությունը պայմանավորված է մեկ հանգամանքով՝ դրանք ոչ թե մեծահոգի կամ համարձակ քայլեր էին, այլ պարզապես ստեղծված իրավիճակում այլընտրանք չունենալու փաստ.
«Դրանք ստիպված քայլեր էին: Ինչպես պաշտոնապես հայտարարել է ՀՀԿ-ն, վարչապետի թեկնածու չի առաջադրելու, բայց ամեն ինչ դեռ առջևում է՝ կտեսնենք, թե ինչպես նրանք իրենց կդրսևորեն վաղը՝ վարչապետի ընտրությունների ընթացքում: Եթե փորձեմ բանաձևել, ապա պետք է ասեմ՝ շատ կարևոր ճակատամարտում բացարձակ հաղթանակ ենք կրել, բայց պատերազմը դեռ շարունակվում է:
Շարժման ընթացքը հրապարակից աստիճանաբար տեղափոխվում է խորհրդարան, այսինքն՝ ինստիտուցիոնար դաշտ: Ահա այստեղ է, որ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա համախոհների մերձավոր շրջանակը պետք է նախանշեն և տեսնեն այն բոլոր խութերն ու վտանգները, որ պարունակում է իր մեջ խորհրդարանական այսօրվա մեծամասնությունը, որ այսօրվա հասարակության մեջ որևէ հենարան չունի: Որքան հասկանալի է՝ հանրապետականները չեն զիջելու և մինչև վերջ մնալու են ինչ-որ բան կորզելու ձգտումով: Փոխարենը, ինչպես հուշում է համաշխարհային պրակտիկան, նրանք իրենց առաջնորդի հրաժարականից հետո պարտավոր էին ողջ կազմով վայր դնել իրենց լիազորությունները, դուրս գային իշխանական համակարգից, հայտարարեին իրենց ընդդիմադիր ուժ և հեռանային դաշտից:
Այնինչ, այն, ինչ անում է ՀՀԿ-ն, ոչ այլ ինչ է, քան էժանագին առևտուր: Նրանք ոչ մի կերպ չեն ցանկանում հասկանալ, որ այս երկրում ամեն ինչ է փոխվել՝ և՛ ժամանակը, և՛ մարդիկ, և՛ մարդկանց համբերությունը: Մենք բոլորս ականատես եղանք մի երևույթի, երբ մեկ մարդու պես ոտքի կանգնեց այս երկրի երիտասարդ սերունդը: Այս հեղափոխությունը նրանց պահանջն ու նրանց ձեռքբերումն է: Մինչդեռ հավանաբար Սերժ Սարգսյանն ու իր թիմակից ՀՀԿ-ականները ժամանակակից երիտասարդությանը նայում էին իրենց երիտթևի պատուհանից: Երբ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո երկրում համատարած այնպիսի մի տոն էր, կարծես համաշխարհային պատերազմն էր ավարտվել, և հաղթողը միայն Հայաստանն էր, դա միայն Սերժ Սարգսյանի հեռացման ցնծությունը չէր: Մարդիկ չէին ասում՝ Սերժ Սարգսյանը հեռացավ, այլ՝ դրանք գնացին»:
Անդրադառնալով նրան, որ անկախ վաղը՝ մայիսի 1-ին, Ազգային ժողովում տեղի ունենալիք վարչապետական ընտրությունների արդյունքներից, Նիկոլ Փաշինյանը հայտնվում է փակուղային իրավիճակում՝ ստիպված լինելով աշխատել հանրապետական մեծամասնության հետ, ինչպես նաև հաշվի նստելով նրանց այս կամ այն դիրքորոշումներին, Կարիեն Խոդիկյանը նշում է.
«Մայիսի 1-ից հետո Նիկոլ Փաշինյանն ունի երկու պլան: Ստեղծված իրավիճակում, ինչպես ասում են, բանալին գտնվում է Հանրապետական կուսակցության ձեռքում՝ կամ նա չի ապահովում անհրաժեշտ ձայների քանակը, որովհետև հատկապես Հանրապետական կուսակցության պարագայում ես չեմ հավատում ոչ մի խոստումի, և Ազգային ժողովը արձակվում է, իսկ Հանրապետական կուսակցությունը պատրաստվում է նոր ընտրությունների, այսպիսով փորձելով հետ բերել իշխանության մեջ իրենց կորցրած դիրքերը:
Երկրորդ տարբերակում, եթե անգամ ՀՀԿ-ն իր ողջ կազմով կողմ քվեարկի Նիկոլ Փաշինյանի վարչապետության օգտին, այստեղ նույնպես շատ կարևոր խնդիր է առաջ գալիս: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ գործող Սահմանադրությունը «կարված» է Սերժ Սարգսյանի հագով, և նա իր վարչապետական դիրքերից ինչ փաստաթուղթ էլ որ ուղարկեր խորհրդարան, դակելու և հետ էին ուղարկելու:
Հիմա իրավիճակն այլ է՝ եթե ՀՀԿ-ն արդեն գծել է իր վերադարձի քարտեզը, ապա ցանկացած, նույնիսկ՝ ամենափոքր որոշում քննարկելիս՝ Նիկոլ Փաշինյանը դեմ է առնելու խորհրդարանական մեծամասնության՝ ՀՀԿ-ի դիմադրությանը: Հասարակությունը խնդիրներ է դրել Նիկոլ Փաշինյանի առջև, հասարակությունը սպասումներ ունի նրանից, ուրեմն զարգացումների հավանական այս վարկածն իր առաջ ունենալով, հնարավորինս սեղմ ժամկետներում Նիկոլ Փաշինյանը պետք է հասնի նոր, արտահերթ ընտրությունների իրականացման՝ հավաքելով համապատասխանաբար նոր և հավատ ներշնչող խորհրդարանական կազմ»: