«Քաղաքացին նվաճել է իր ազատությունը, եթե ակնկալում եք, որ որևէ մեկին պետք է շնորհակալություն հայտնենք, էլի կարող ենք». Փաշինյանը՝ Բաբլոյանին
ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն խմբակցության հետ հանդիպման ընթացքում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն օգտվեց արտահերթ հարց տալու իր իրավունքից և Նիկոլ Փաշինյանին խնդրեց իր առաջադրած հարցերին պատասխանել հստակ՝ այո կամ ոչ:
Ա. Բաբլոյան – Այս օրերին Դուք ունեի՞ք հավաքներ կազմակերպելու ազատ հնարավորություն:
Ն. Փաշինյան – Այո՛։
Ա. Բաբլոյան – Այս օրերին ունեի՞ք խոսքի ազատություն:
Ն. Փաշինյան – Ինչպես այս օրերին, այնպես էլ իմ ամբողջ կյանքում, ունեցել եմ խոսքի ազատություն:
Ա. Բաբլոյան – Այս օրերին ժողովուրդը ունե՞ր իր կամքը արտահայտելու ազատ իրավունք:
Ն. Փաշինյան – Ժողովուրդը միշտ ունի իր կամքը ազատ արտահայտելու իրավունք:
Ա. Բաբլոյան – Դուք գտնում եք, որ այս ամենը ժողովրդավարության դրսևորո՞ւմ է:
Ն. Փաշինյան – Այո, աներկբա:
Ա. Բաբլոյան – Դուք գտնո՞ւմ եք, որ այս ամենի հնարավորությունը առաջացել է 2008 թվականից հետո։
Ն. Փաշինյան – Ոչ: Արցախ և Էրեբունի խաչմերուկից Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության օպերատիվ խումբն ինձ առևանգել և տարել է անհայտ ուղղությամբ: Այդ հարցերն ինչո՞ւ եք տալիս: ՀՀ քաղաքացին վեր է կացել և նվաճել է իր ազատությունը, եթե դուք ակնկալում եք, որ որևէ մեկին պետք է դրա համար շնորհակալություն հայտնենք, մենք, քաղաքավարությունից ելնելով՝ էլի կարող ենք շնորհակալություն հայտնել, բայց դա ՀՀ ժողովրդի, քաղաքացիների ձեռքբերումն է, հնարավորությունն է, որը նրանք ստեղծել են սեփական ձեռքերով։
Ի պատասխան՝ Արա Բաբլոյանը նշեց, որ ամեն դեպքում ժողովուրդը կգնահատի Նիկոլ Փաշինյանի պատասխանը և իր կողմից տրված հարցերը:
«Այսինքն՝ մենք կարող ենք ժողովրդավարական ազատությունների ապահովման առումով դրական տեղաշարժ ապահովել»,- ասաց նա, և Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ հույս ունի, որ միասին կանեն:
«Մենք հենց այդ հնարավորության մասին ենք խոսում, մենք ունենք դրական տեղաշարժ, և ուզում եմ ՀՀ ժողովրդին, բոլորի քաղաքացիներին, բոլորին շնորհակալություն հայտնել այսօրվա իրավիճակի համար: Բայց հիմա հավաքների ազատության իրավունքը եթե իսկապես գոյություն ունի, ինձ թողեք, գնանք ազատ հավաքը անցկացնենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: