Ռոբերտ Քոչարյանի մոտ այդ վախը կա, որ Նիկոլ Փաշինյանը կարող է վերսկսել Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրությունը
«Ես կընդունեի պարոն Քոչարյանի հայտարարությունն այն մասին, որ իշխանությունը ճամպրուկ չէ, որ փոխանցվի, եթե պարոն Քոչարյանը մի փոքր անդրադառնար նույն իր կողմից Սերժ Սարգսյանին իշխանության փոխանցման խնդիրներին, երբ 2008 թ. մարտի 1-ին 10 հոգու սպանեցին, և դրանից հետո Սերժ Սարգսյանը եկավ իշխանության, ինչպես նաև նույն Սերժ Սարգսյանի կողմից իշխանության ուզուրպացիայի այն բոլոր փորձերին, որպեսզի ինքը ռեինկարնացվի՝ որպես վարչապետ։ Եթե պարոն Քոչարյանն այդքան արդար է, ապա շատ լավ կլինի՝ բացահայտի, թե ինչպես և ինչ նպատակով փոփոխվեց ՀՀ Սահմանադրությունը։ Այդ ամպագոռգոռ հայտարարությունները թող մի կողմ դնեն, ոչ ոք հիմար չէ։ Սահմանադրության փոփոխման միակ նպատակն ու խնդիրը եղել է Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում տեսնելը և ռեինկարնացնելը, որովհետև ինքը՝ որպես նախագահ, այլևս չէր կարող դառնալ երկրի նախագահ և իշխանությունն իր ձեռքում պահելու համար Սահմանադրություն փոխեց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե իշխանությունը ճամպրուկ չէ, որ ինչ-որ մեկը վերցնի ու փոխանցի Նիկոլ Փաշինյանին:
Ըստ նրա՝ շատ լավ կլիներ՝ Ռոբերտ Քոչարյանը նաև բացատրեր, թե ինչպես ստացվեց, որ ընդամենը 1 տարի առաջ տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններից հետո հիմա Հայաստանում այսպիսի քաղաքական իրավիճակ է ստեղծվել, այսինքն՝ դա ապացույցն է նրա, որ այդ ընտրությունները կեղծված են եղել, ընդ որում՝ կեղծված են եղել օրինական ճանապարհով.
«Մեր Ընտրական օրենսգիրքն օրինական կեղծիքների մեխանիզմներ է պարունակում, որոնք և պրոֆեսիոնալ կերպով օգտագործվեցին իշխանությունների կողմից: Օրինակ՝ նույն զինվորականների ռեյտինգային ցուցակով քվեարկությունը, նույն ժամանակավոր ընտրական ցուցակները, Երևանում կամ Սևանում բնակվողներին Գյումրիում գրանցելու հնարավորությունը կամ՝ հակառակը, կամ ընտրակաշառք բաժանելը, որ նույն իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, համապատասխան թեկնածուներին թույլ էին տալիս հասարակությանը 10-15 հազար բաժանելով՝ ձայն գնել, որի արդյունքն այն եղավ, որ հիմա նույն Սերժ Սարգսյանը շատ անփառունակ կերպով հեռացվեց իշխանությունից։ Այսինքն՝ այդ նույն ճամպրուկի գաղափարը կարելի է օգտագործել Սերժ Սարգսյանի պարագայում, որ Սարգսյանն իշխանությունը դիտում էր որպես ճամպրուկ՝ մեջը դրված իրերով, և այդ ճամպրուկն իր ձեռքում էր պահում, որովհետև այդպես էր ուզում, չէր ուզում որևէ մեկին զիջել։
Այդ ժամանակ, երբ նույն Ռոբերտ Քոչարյանը մի փոքր անդրադառնա Սերժ Սարգսյանի կառավարման մեթոդներին, և նրա կողմից իշխանափոխության արգելման այդ ձևերին, թե ինչ էր անում, որ իշխանությունն այլ քաղաքական ուժերին չփոխանցի, այդ ժամանակ ես ավելի լուրջ կվերաբերվեի Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը։ Իսկ այս պարագայում նախահարձակ և ագրեսիվ լինելու պատճառներն ավելի խորը պետք է փնտրել»։
Հարցին՝ այդ նախահարձակ լինելը կարելի՞ է պայմանավորել Մարտի 1-ի հետ կապված՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ Նիկոլ Փաշինյանի նախկին հայտարարություններով, Գ.Համբարյանը դրական պատասխան տվեց։ Նա նշեց, որ իշխանությունները՝ ի դեմս այդ ժամանակ արդեն Սերժ Սարգսյանի, որպես քավության նոխազ՝ Մարտի 1-ի դեպքերի համար պատժեցին Նիկոլ Փաշինյանին, ով որոշ ժամանակ անցկացրեց բանտում, և Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում բազմիցս նշել է, որ Մարտի 1-ի համար մեղավոր է Ռոբերտ Քոչարյանը, որն այդ ժամանակ Հայաստանի Հանրապետւթյան նախագահն ու բանակի գլխավոր հրամանատարն էր.
«Մեխանիկորեն Քոչարյանի մոտ այդ վախը կա, որ վաղը-մյուս օրը Նիկոլ Փաշինյանը կարող է վերսկսել Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրությունը, և ամբողջ մեղքը կարող է բարդվել նրա վրա։ Ավելի շատ հենց սրանով է պայմանավորված, որ Ռոբերտ Քոչարյանը ֆալստարտային նախահարձակ եղավ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, ինչը հասարակության կողմից շատ բացասաբար ընդունվեց»։