
Հարավային Կորեայի բնակիչների մեծամասնությունը վստահում է ԿԺԴՀ-ի խոստումներին. հարցում

Հարավային Կորեայի բնակիչների մեծամասնությունը վստահում է Կորեական թերակղզին միջուկային զենքից ազատելու եւ այնտեղ խաղաղություն հաստատելու վերաբերյալ ԿԺԴՀ-ի խոստումներին: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, վկայում են հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որոնք ապրիլի 30-ին հրապարակվել են RealMeter վարկանիշային գործակալության կողմից:
Ըստ նրա տվյալների, իրենց վստահության մասին հայտարարել են հարցման մասնակիցների 64,7 տոկոսը, իսկ Փհենյանին չի վստահում միայն 28,3 տոկոսը: Հարավային Կորեայի այն բնակիչների թիվը, որոնք այդ առումով փոխել են իրենց կարծիքը, կազմում է 52,1 տոկոս, նշում է սոցիոլոգիական գործակալությունը:
Այն մարդկանց թիվը, որոնք ինչպես որ չէին վստահում ԿԺԴՀ-ին, այնպես էլ այժմ չեն վստահում, հարցվածների շրջանում կազմում է 26,2 տոկոս, իսկ նրանք, ովքեր վստահում էին, բայց դադարել են դա անել, կազմում են 2,1 տոկոս:
Ապրիլի 27-ին Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների միջեւ Փանմունջոմում կայացած բանակցությունների արդյունքում ընդունվել է համատեղ հռչակագիր, որում կողմերը հայտարարել են, որ Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն դադարեցնում են փոխադարձ բոլոր թշնամական գործողությունները: Նրանք հաստատել են, որ իրենց ընդհանուր նպատակը Կորեական թերակղզու միջուկազերծումն է:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ ապագայում Հարավային Կորեայի հետ իր երկրի միավորման հույս ունի: Իր հերթին Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, թե երկրները պայմանավորվել են, որ իրենց միջեւ այլեւս պատերազմի չի լինի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: