
Ինչպե՞ս կքվեարկի Դաշնակցությունը մայիսի 1-ին

Իշխող կոալիցիան լքած Դաշնակցությունը չի գաղտնազերծում, թե ինչպե՞ս է քվեարկելու մայիսի 1-ին ԱԺ հատուկ նիստում վարչապետի ընտրության ժամանակ։ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց դիրքորոշումը կհայտնեն ավելի ուշ։
«Եթե ուզում եք իմանալ՝ ես ինչպես եմ քվեարկելու մայիսի 1-ին, խնդրում եմ, կարդացեք Սահմանադրության 94-րդ հոդվածը»,- հավելեց Ա.Վարդանյանը։
Նշված հոդվածը վերաբերում է «Ներկայացուցչական մանդատին». «Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով»:
Ի դեպ, Դաշնակցությունն առաջարկում է նոր նախաձեռնություն. «Մայիսի 1-ին կայանալիք ԱԺ նիստին ընդառաջ՝ խորհրդարանական բոլոր խմբակցությունների մասնակցությամբ, համախոհաբար ձևավորել միասնական քաղաքական օրակարգ, համաձայնել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ, ով պետք է համախոհության հիման վրա ներկայացնի կառավարության համապատասխան կազմ և գործունեության ծրագիր»։