
Կիպրոսն անհանգստացած է Թուրքիայում «Աքքույու» ԱԷԿ-ի շինարարության պլաններից

Կիպրոսն անհանգստացած է Թուրքիայում «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի շինարարության պլաններից: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Կիպրոսի արտգործնախարար Նիկոս Խրիստոդուլիդիսը՝ ամփոփելով Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքները։
Ինչպես ավելի վաղ հայտնել է կիպրական CAN նորությունների գործակալությունը, Կիպրոսի հունական եւ թուրքական համայնքների ներկայացուցիչները Նիկոսիայում մասնակցել են Թուրքիայում «Աքքույու» ԱԷԿ-ի շինարարության դեմ կազմակերպված բողոքի ակցիային:
«Մեր զրույցի շրջանակներում ես նաեւ կիպրական ժողովրդի ընդհանուր անհանգստությունն եմ հայտնել «Աքքույու» ատոմակայանի կառուցման կապակցությամբ»,- ասել է նախարարը: Թուրքիայում «Աքքույու» ԱԷԿ-ի թիվ 1 բլոկի շինարարությունն սկսվել է ապրիլի 3-ին: