Բոսնիայում գեներալին ձերբակալել են 90-ական թվականներին սերբերի դեմ հանցագործությունների համար
Բոսնիայի եւ Հերցեգովինայի (ԲեւՀ) հետաքննության եւ պաշտպանության գործակալությունը (SIPA) դատախազության կարգադրագրով ապրիլի 27-ին ձերբակալել է 12 նախկին զինծառայողների՝ պաշտոնաթող գեներալ Ատիֆ Դուդակովիչի գլխավորությամբ՝ 1992 – 1995 թվականների հակամարտության ընթացքում սերբերի դեմ ռազմական հանցագործություններ կատարելու կասկածանքով:
Այդ մասին հայտնել է հսկողական գերատեսչությունը: Ապրիլի 27-ին ձերբակալություններ եւ խուզարկություններ են անցկացվում Արեւմտյան Բոսնիայի Ունսկո Սանսկի կանտոնում: Գեներալ Դուդակովիչը իննսունական թվականներին եղել է Բոսնիայի եւ Հերցեգովինայի Բոսնիա-մահմեդական Հանրապետության բանակի հինգերորդ կորպուսի հրամնատարը, որը գործել է այդ շրջանում: Նրան եւ մնացած 11 ձերբակալված նախկին զինծառայողներին մեղադրում են հակամարտության ընթացքում մարդկության դեմ հանցագործություններ եւ քաղաքացիական բնակչության դեմ ռազմական հանցագործություններ կատարելու մեջ:
«Ռազմական հանցագործությունները, որոնք հետաքննության առարկա են, կապված են սերբ ազգության մի քանի հարյուր զոհերի, քաղաքացիական անձանց եւ զինծառայողների մահվան հետ 1995 թվականին արեւմտաբոսնիական մունցիպալիտետների տարածքում, ինչպես նաեւ 1994 թվականին Արեւմտյան Բոսնայի ինքնավար երկրասմասի տարածքում բոշնյակական (սլավոնա-մահմեդական) բնակչության դեմ հանցագործությունների հետ»,- ճշտել է Բոսնիայի եւ Հերցեգովինայի դատախազության մամուլի քարտուղար Բորիս Գրուբեշիչը: Արեւմտյան Բոսնիայի ինքնավար երկրամասը գոյություն է ունեցել 1993 – 1995 թվականներին՝ կենտրոն ունենալով Վելիկա Կլադուշա քաղաքը:
Դրա ղեկավարն՝ ազգությամբ բոշնյակ Ֆիքրեթ Աբդիչը, եւ նրա հայրենակիցները դիմակայել են Սարաեւոյի մահմեդական իշխանություններին, որոք խորվաթական զորամասերի օժանդակությամբ ռազմական ուժով երկրի այդ մասը միացրել են Բոսնիային եւ Հերցեգովինային, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: