ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է 2017 թվականի հաշվետվությունը
Հրապարակվել է ՀՀ կենտրոնական բանկի 2017 թ. տարեկան հաշվետվությունը: Հաշվետվությունն ամփոփում է նախորդ տարում Կենտրոնական բանկի գործունեության հիմնական ուղղությունները, գների և ֆինանսական կայունության ապահովմանն ուղղված քաղաքականության արդյունքները: Այս մասին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Տարեկան հաշվետվությունն անդրադառնում է դրամավարկային քաղաքականության, ֆինանսական կայունության, վճարահաշվարկային համակարգերի զարգացման, ֆինանսական և արժեթղթերի շուկաների, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության, դրամաշրջանառության կազմակերպման ոլորտներում ԿԲ կողմից իրականացվող քաղաքականությանը և վերջինիս արդյունքներին:
Նշենք, որ 2017 թվականին Կենտրոնական բանկը, պահպանվող ցածր գնաճային միջավայրի պայմաններում շարունակել է իրականացնել խթանող դրամավարկային քաղաքականություն: Վերաֆինանսավորման տոկոսադրույքը տարեսկզբին նվազեցվել է 6.0 %-ի և պահպանվել այդ մակարդակում: Վերջինիս ցածր մակարդակը շարունակել է փոխանցվել պետական պարտատոմսերի, դրամային ավանդների և վարկերի տոկոսադրույքներին, ինչի արդյունքում արձանագրվել է ներքին պահանջարկի ընդլայնում, իսկ գնաճը տարվերջին կազմել է 2.6%՝ գտնվելով տատանումների թույլատրելի միջակայքում:
Բանկային համակարգն ապահովել է բոլոր հիմնական ցուցանիշների զգալի աճ: Հիմնական ֆինանսական ցուցանիշների աճով են տարին ամփոփել նաև վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերություններն ու ֆինանսական համակարգի մյուս մասնակիցները, հատկանշական է պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կուտակային միջոցների աճի արագացումը:
Ֆինանսական կայունության համատեքստում կարգավորման և վերահսկողության դաշտի միջոցառումները մակրոտնտեսական իրավիճակի բարելավմանը զուգահեռ նպաստել են ֆինանսական համակարգի կայունության ամրապնդմանը: Բանկային համակարգը շարունակել է ապահովել բավարար կապիտալի համարժեքություն և իրացվելիության բարձր մակարդակ: Վարկային պորտֆելի որակի բարելավումը իր դրական ազդեցությունն է ունեցել բանկերի ընդհանուր կապիտալի համարժեքության վրա: