Պաշտպանի աջակցությամբ լուծվել է Բաղանիսի մշտական ջրամատակարարման հարցը
Տավուշի մարզ կատարած հերթական այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի բնակիչները տեղեկացրել են ջրաչափերի բացակայության պատճառով խմելու ջուր չլինելու վերաբերյալ։
Բաղանիսի վարչական ներկայացուցիչը Պաշտպանին հայտնել է, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը ջրամատակարարման և ջրահեռացման համակարգն անցկացրել է, սակայն անվճար ջրաչափեր չեն տեղադրվել:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում պարզվել է, որ «Վեոլիա Ջուր» ընկերության սպասարկման տարածքում Բաղանիս համայնքը ներառված չէ։ Այդ պատճառով ընկերությունը նշված տարածքում ծառայություններ մատուցելու պարտավորություններ չունի, իսկ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ Բաղանիս համայնքում անցկացվել է ընկերության հետ առնչություն չունեցող բարեգործական ծրագրի շրջանակում։
Իրավասու կառույցների հետ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետագա աշխատանքի արդյունքում՝ 2018 թվականի հունվար ամսից կնքվել է պայմանագիր «Վեոլիա Ջուր» ընկերության հետ։ Ավելի ուշ Պաշտպանի աշխատակազմը տեղեկացվել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ֆինանսավորմամբ ձեռք է բերվել թվով 200 ջրաչափ, ընթանում են տեղադրման աշխատանքներ և արդեն կանոնակարգված է ջրամատակարարումը։
Նոյեմբերյանի համայնքապետարանի մամուլի հաղորդագրությունը՝ այստեղ.