Փաշինյանը չի ցանկանում կտրուկ հայտարարությամբ «զայրացնել» երկու աշխարհաքաղաքական բևեռներից ոչ մեկին

ԵԼՔ դաշինքի նախընտրական ծրագրում հստակ մի դրույթ կար՝ Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցության վերաբերյալ «ԵԼՔ դաշինքը արտաքին քաղաքական սխալ է համարում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, որը լրջագույն ռիսկեր է պարունակում Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության, տնտեսական և քաղաքական բնականոն զարգացման, Արցախի հարցի արդարացի կարգավորման համար»:

Արդյո՞ք իշխանության գալու դեպքում Նիկոլ Փաշինյանը կսկսի Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս բերելու գործընթաց։ Նա արդեն երկու անգամ (արտասահմանյան ԶԼՄ-ների հետ ասուլիսում և Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում) հրաժարվում է հստակ պատասխանել չափազանց կարևոր այս հարցին՝ տալով ոչինչ չասող, խիստ դիվանագիտական պատասխաններ։

Այս փուլում սա հասկանալի է. Փաշինյանը չի ցանկանում կտրուկ հայտարարությամբ «զայրացնել» երկու աշխարհաքաղաքական բևեռներից ոչ մեկին։ Մի կողմ դնելով քաղաքական ու անձնական համակրությունները՝ եկեք դիտարկենք հնարավոր 2 տարբերակները, եթե Նիկոլ Փաշինյանը ստանձնի ՀՀ վարչապետի պաշտոնը։

  1. Հայաստանը դուրս է գալիս ԵԱՏՄ-ից: Կասկած չկա, որ դրա արդյունքում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները կտրուկ կփչանան՝ բերելով համապատասխան լրջագույն ռիսկեր (քաղաքական, տնտեսական, անվտանգության և այլն): Փաշինյանը հասկանում է այդ ռիսկերը, դրա համար այսօր չի հայտարարում ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին։ Ավելին, հստակ մեսիջներ է հղում ռուսական կողմին, որ կտրուկ փոփոխություններ չեն լինի՝ Հայաստանն ու Ռուսաստանն իրար հետ են։ Ռուսներին «քցելը» նախ՝ չի մարսվի, և երկրորդ՝ ռուսներն այդքան միամիտ չեն, որ նման բան թույլ տան։
  2. Հայաստանը դուրս չի գալիս ԵԱՏՄ-ից։

Առողջ բանականությունը հուշում է, որ սա ավելի հավանական տարբերակ է։ Իսկ դա նշանակում է՝ դրժել նախընտրական խոստումը։ Այդ դեպքում Նիկոլին կարելի է մեղադրել նույն բանում, ինչում նա մեղադրում էր Սերժ Սարգսյանին՝ ընտրողներին մոլորեցնելու մեջ։

Ավելին, ճիշտ նույն կերպ կարող են դրժվել նաև մյուս խոստումները՝ հարկերի ավելացման հաշվին պետական աշխատողների աշխատավարձերը 20%-ով բարձրացնելը, կամ սահմանի վրա 20% ԱԱՀ գանձումը վերացնելը, և այլն։ Իսկ դրանք կարող են մերժվել, որովհետև էյֆորիկ սպասումները (թե հեղափոխությունից հետո փողեր ու ներդրումներ են հոսելու ՀՀ) շատ արագ վերածվելու են խոր անհանգստության, երբ պարզվի, որ փողերն ուշանում են, իսկ թոշակ վճարելու ռեսուրս չկա։

Ճիշտ այնպես, ինչպես շատ դեպքերում ռոմանտիկ երազանքները փշրվում են ամուսնությունից հետո՝ բախվելով կոմունալները վճարելու տիպի կենցաղային խնդիրների ժայռին։ Պետական համակարգը միայն պաթոսով և ոգևորվածությամբ անհնար է կառավարել։ Դրա համար պետք է պրոֆեսիոնալ և փորձառու թիմ, որն այսօր Նիկոլ Փաշինյանի կողքին չի նշմարվում։

Վարդան Գրիգորյան

Տեսանյութեր

Լրահոս