«Մենք հավաքագրել ենք 1 տրիլիոն 136 մլրդ հարկային եկամուտներ». Կառավարությունը հաստատել է բյուջեի կատարողականը
ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանն այսօր կառավարության փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր կառավարությունում հաստատվել է 2017թ. բյուջեի կատարողականը՝ իր բոլոր հավելվածներով, և մայիսի 1-ին այն կլինի ԱԺ-ում.
«2016թ. դեկտեմբերին, երբ ԱԺ-ում ներկայացվում էր բյուջեն, ես խոսում էի 3 հիմնական սկզբունքի մասին՝ հանրությանը խոստանում էինք այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնել, որ կլինի մակրոտնտեսական իրավիճակի կայունացնող։ 2016թ. պարտք-ՀՆԱ ցուցանիշն օբյեկտիվ պատճառներով բավականին զգալի աճ էր գրանցել՝ շուրջ 7.7 տոկոս, և 2017թ. պետք է լիներ պարտքի կայունացում։
Մեզ հաջողվել է այդ նպատակային թիրախը խոցել, որովհետև պարտք-ՀՆԱ աճի ցուցանիշի տեմպերն էապես դանդաղել են՝ 7.7 տոկոսային կետի փոխարեն՝ 2017թ. ունեցել ենք 1.7 տոկոսային կետով պարտք-ՀՆԱ ցուցանիշի աճ. նույնիսկ գերակատարել ենք, քանի որ ակնկալում էինք 2.5 տոկոսային կետով դանդաղում։ Հիմա էլ խոստանում ենք՝ 2018թ., եթե ամեն ինչ ընթանա իր հունով, խոցենք այն թիրախները, որ դրվել են 2017թ. բյուջեի հիմքում, և կունենանք պարտք-ՀՆԱ ցուցանիշի նվազում՝ առնվազն 1 տոկոսային կետով, ինչը խոստացել ենք ազգաբնակչությանը»։
Նա հիշեցրեց, որ խոստացել էին 2017թ. իրականացնել այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն և կոնսոլիդացիա, որն էապես մեծ շեշտադրում կկատարեր կապիտալ ծախսերի վրա, համեմատաբար ավելի պահպանողական վարքագիծ կդրսևորեր ընթացիկ ծախսերի մասով։ Այս առումով ևս, ըստ նախարարի պաշտոնակատարի՝ ցուցանիշները դրական են. «Այն, ինչ խոստանում էինք 2016թ. վերջին, 2017թ. այս ուղղությամբ ևս թիրախը խոցել ենք։ Մենք 2017թ. արձանագրում ենք, որ կապիտալ ծախսերի մասով ավելի ագրեսիվ ենք եղել, ընթացիկ ծախսերի մասով՝ ավելի պահպանողական»։
Երրորդ սկզբունքը, որ խոստանում էին՝ հարկերի հավաքելիությունն է, և ըստ նախարարի՝ բյուջեով սահմանված 1 տրիլիոն 135 մլրդ դրամ հարկային եկամուտների ծրագիրը գերակատարվել է. «Մենք հավաքագրել ենք 1 տրիլիոն 136 մլրդ հարկային եկամուտներ»։