«Մոսկվայի համար կարևորն են ընդդիմության հայտարարությունները, որ կտրուկ արտաքին քաղաքական շրջադարձերի հակված չեն». Մալաշենկո
«Մոսկվան նախապատվություններ չունի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական զարգացումներին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Մարիա Զախարովան ասել էր. «Այն ժողովուրդը, որն իր պատմության անգամ ամենաբարդ պահերին, չնայած սուր հակասություններին՝ իր մեջ չպառակտվելու և միմյանց նկատմամբ հարգանքը պահպանելու ուժ է գտնում, մեծ ժողովուրդ է: Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»:
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ևս անդրադարձել էր իրավիճակին, նշելով, որ Կրեմլում շարունակում են հետևել Հայաստանում ստեղծված իրավիճակին ու հույս ունեն, որ կողմերը կարող են առաջիկայում փոխհամաձայնության գալ: «Ասվածին այլ բան չունեմ ավելացնելու: Ինչպես նախկինում, հիմա էլ մենք կարծում ենք, որ դա Հայաստանի ներքին գործն է, ու հույս ունենք, որ մեր հայ ընկերները կարող են կարգավորել այս իրավիճակն ու առաջիկայում փոխզիջումային որոշում կայացնել: Մենք շատ ուշադիր կերպով շարունակում ենք հետևել այդ իրավիճակին»,- ասել է Պեսկովը:
Անդրադառնալով հարցին, թե Կրեմլն ինչպես է գնահատում երևանյան զարգացումները և որ ուժերին է տալիս իր նախապատվությունը, Մալաշենկոն ասաց, որ Կրեմլի համար տեղի ունեցողն անակնկալ էր:
Ըստ նրա՝ նման զարգացումներ Մոսկվայում չէին կանխատեսում նույնիսկ Հայաստանով զբաղվող փորձագետները, քանի որ Հայաստանում իշխանությունից բողոքող զանգված եղել է միշտ, սակայն այդ բողոքները մշտապես ավարտվել են առանց երկրի համար էական փոփոխությունների` կամ իշխանությունն է կարողացել այն ճնշել, կամ ընդդիմությունն է ետ կանգնել, կամ էլ իշխանությունը հարցին փորձել է լուծում տալ:
Մալաշենկոն ասաց, որ այս անգամ ամեն բան շատ խորացավ, և դրա պատճառներից մեկն էլ այն էր, որ բոլորը թերագնահատում էին Փաշինյանի սկսած շարժումը, նրան ու նրա թիմին լուրջ չէին վերաբերվում:
Բայց, նրա խոսքով, ՀՀ իշխանությունը պարտավոր էր կանխատեսել, որ իրավիճակը կարող է այս ուղղությամբ ընթանալ: «Մենք կարող ենք չհասկանալ Հայաստանի ներքաղաքական զարգացումները, բայց ՀՀ իշխանությունները, կարծում եմ` ոչ: Փաշինյանի հաղթանակի հիմքում հենց այս հաշվարկների բացակայությունն էր և երկրում տիրող տրամադրությունները, որոնք պայմանավորված են տարբեր պատճառներով` սոցիալականից մինչև արտաքին քաղաքականություն»,- ասաց նա:
Մալաշենկոն վստահեցնում է, որ Մոսկվան նախապատվություններ չունի: Ըստ նրա, եթե նույնիսկ ունի՝ չպետք է ունենա, քանի որ Հայաստանի բոլոր գործընկերները պետք է ճանաչեն հայ ժողովրդի ընտրությունը, նրա ընտրած իշխանությանը և աշխատեն իշխանության հետ:
«Մեր խոսնակների հայտարարությունները պարզ շարադրում են Կրեմլի դիրքորոշումը, որը հավասարակշռված է ու ճիշտ, Կրեմլի համար ներկայումս նախընտրելի է, որ իրավիճակը հանգուցալուծվի խաղաղ և իրացվի ժողովրդի իրավունքը ՀՀ օրենսդրության ու ՀՀ Սահմանադրության համաձայն: Ժողովրդի կողմից ընտրված յուրաքանչյուր ղեկավարի հետ Մոսկվան պարտավոր է աշխատել ու կաշխատի՝ դատելով այս հայտարարություններից: Շատ կարևոր ուղերձ է ողջ հայ ժողովրդին այն, որ Մոսկվան նշում է` չի միջամտում ՀՀ ներքաղաքական խնդիրներին և այդպես էլ անելու է: Եթե այս ամենի արդյունքում ՀՀ վարչապետ դառնա Մոսկվայի հետ կապեր ունեցող անձ, կլինի լավ, եթե՝ ոչ, ապա Մոսկվան կրկին կաշխատի: Մտահոգվելու առիթ չեմ տեսնում, քանի որ ընդդիմությունը հայտարարում է, որ կտրուկ արտաքին քաղաքական շրջադարձերի հակված չէ: Մոսկվայի համար կարևորը սա է: Մոսկվան նաև դասեր է քաղել այլ երկրներում հեղափոխություններից և իր բացասական արձագանքներից, որը լուրջ խնդիր էր ստեղծում հասարակության և Կրեմլի միջև:
Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ կողմերը շուտափույթ ելք գտնեն ստեղծված իրավիճակից և կայունացնեն երկրում տիրող իրադրությունը: Կարծում եմ` Հայաստանի համար այս պահին դա է կարևոր, քանի որ տեղեկություններ կան ղարաբաղաադրբեջանական հակամարտության շփման գծում զինտեխնիկայի շարժի մասին, արտաքին քաղաքական վտանգները հաշվի առնելով՝ ներքին իրավիճակը պետք է կողմերն օր առաջ լուծեն»,- ասաց Մալաշենկոն:
Այս տեսանկյունից նա ողջունեց ՀՀ իշխանության պատրաստակամությունը՝ ցանկացած հարց քննարկել ընդդիմության հետ: «Ուրախալի է, որ առճակատման մի քանի օրերից հետո իշխանությունը որոշեց քննարկել նաև ընդդիմության օրակարգը: Կան կոչեր՝ հարթել իրավիճակը, զգոնություն ցուցաբերել, կարծում եմ` պետք է հետևել այդ կոչերին և չգնալ երկրում ստեղծված իրավիճակի խորացման ճանապարհով: Արդեն իսկ պարզ է, որ Հայաստանում քաղաքական իրավիճակ է փոխվել, և ներկայիս խորհրդարանը չի արտահայտում ներքաղաքական պատկերը, ուստի կլինեն արտահերթ ընտրություններ: Կարծում եմ` որոշ զիջումներ երկու կողմերն էլ կարող են անել՝ հասկանալով այն, որ իրադրությունը լի է վտանգներով»,- ասաց ռուս փորձագետը: