
Միլիարդատեր Իվանիշվիլին համաձայնեց գլխավորել Վրաստանի կառավարող կուսակցությունը

Վրաստանի նախկին վարչապետ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին համաձայնել է գլխավորել «Վրացական երազանք» կառավարող կուսակցությունը: Այդ մասին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտնել է ապրիլի 26-ին կուսակցության ղեկավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում:
«Անձամբ ես եւ կուսակցության ողջ ղեկավարությունը նրա հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին խնդրել ենք գլխավորել «Վրացական երազանքը», եւ նա համաձայնել է»,-ասել էԿվիրիկաշվիլին, որը կուսակցությունը գլխավորում էր մինչեւ այդ պահը:
Իվանիշվիլին Վրաստանի վարչապետն է եղել 2012 թվականի հոկտեմբերի 25-ից մինչեւ 2013 թվականի նոյեմբերի 20-ը: Ավելի վաղ միլիարդատերը քանիցս հայտարարել է, որ չի պատրաստվում վերադառնալ քաղաքականություն: Մինչդեռ վրացական ընդդիմությունը նրան մշտապես մեղադրում է երկրի «ստվերային» կառավարման մեջ: