ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը մանրամասներ է հայտնում Փաշինյանի և նրա կողմնակիցների հետ հանդիպումից
ՀՀ-ում ՌԴ դեսպանատանն ապրիլի 25-ին հանդիպում է տեղի ունեցել Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ավինյանի հետ: Այս մասին տեղեկացրին ՌԴ դեսպանությունից:
Զրույցի ընթացքում հանդիպման մասնակիցներն անդրադարձել են Հայաստանում և մայրաքաղաք Երևանում տիրող իրավիճակին: Ռուսական կողմը կոչ է արել ընդդիմադիր հավաքների ու երթերի կազմակերպիչներին գործող իշխանությունների ու մյուս քաղաքական ուժերի հետ գնալ կառուցողական երկխոսության:
ՌԴ դեսպանատնից ընդգծել են, որ ստեղծված իրադրությունը պետք է կարգավորվի բացառապես սահմանադրական դաշտում ու ի շահ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների: Ռուսական կողմը հույս է հայտնել, որ երկիրը շուտափույթ կերպով կվերադառնա նորմալ ու հանգիստ հունին: