«Փորձն ասում է` քրեաօլիգարխիկ համակարգերն ավելի լուրջ փորձությունների են դիմացել, քան Փաշինյանն է». Վադիմ Դուբնով

«Հայաստանն Ուկրաինա չէ, որ Ռուսաստանը վախենա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում գնահատելով ներհայաստանյան վերջին ժամերի դրամատիկ զարգացումները՝ ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը:

Հաշվի առնելով ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի վերջին հայտարարությունները, Դուբնովն ասաց, որ այլևս կարելի է վստահ ասել, որ իշխանությունն ուժ չի կիրառի, ինչպես չկիրառեց երկու օր առաջ, ինչպես երեք օր առաջ և ավելի վաղ։

Ըստ նրա, այլ ելք չի տեսնում, քան իշխանության կողմից Փաշինյանի պայմաններին համաձայնելը, քանի որ իշխանության պահպանման փորձերի հաջողությունը տվյալ իրավիճակում քիչ հավանական է թվում։

«Ժողովրդական վարչապետի թեկնածուն կարող է ընտրվել ԱԺ-ում, իսկ եթե չընտրվի, կարծում եմ՝ հնարավոր է կոմպրոմիսային եղանակ։ Բայց եթե Փաշինյանը դառնա վարչապետ, դա բոլորին ձեռնտու կլինի։ Հարցն այն է, թե ինչպիսի ընթացակարգերով այդ ամենը տեղի կունենա։ Կարծում եմ՝ Փաշինյանը կստանա անհրաժեշտ ձայներ, պարզապես վստահ չեմ, որ նա կպահպանի վարչապետությունը արտահերթ ընտրություններից հետո։ Բայց կանխատեսումներն այս իրավիճակում անիմաստ են, մեկ անգամ սխալվեցի»,- ասաց նա:

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի արձագանքին` Դուբնովն ասաց, որ Ռուսաստանի դիրքորոշումը հավասարակշռված և տրամաբանական էր: «Մոսկվան մինչև վերջին պահը չէր ակնկալում նման զարգացումներ: Մոսկվան տեսավ, որ իշխանափոխությունը տեղի է ունեցել, ուստի նախընտրեց չխաթարել հարաբերությունները Հայաստանի հետ, քանի որ հայ-ռուսական հարաբերություններում կա մեծ բովանդակություն, կա կորցնելու բան:

Սակայն Ռուսաստանը Հայաստանում վախենալու բան չունի, քանի որ Հայաստանն Ուկրաինա չէ, միևնույն է՝ ով կհաղթի, միևնույն է՝ հաղթողը պայմանավորվելու է Ռուսաստանի հետ, և ենթադրվում է, որ պետք է այն նշաձողով առաջնորդի հայ-ռուսական հարաբերությունները, ինչ նախորդները: ԵՏՄ-ից դուրս գալու հարցի վերաբերյալ Փաշինյանի դիրքորոշումը հաստատում է իմ այս պնդումը, Մոսկվան վախենալու բան չունի: Մոսկվան հույս ունի, որ ով էլ գա, աշխատելու է այն նիշով, ինչպես նախորդները: Դա կարող է փոքր-ինչ փոփոխվել, բայց միտումը պահպանվելու է»,- ասաց Դուբնովը:

Նշենք, որ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան օրերս իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Այն ժողովուրդը, որն իր պատմության անգամ ամենաբարդ պահերին, չնայած սուր հակասություններին՝ իր մեջ չպառակտվելու և միմյանց նկատմամբ հարգանքը պահպանելու ուժ է գտնում, մեծ ժողովուրդ է: Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»:

Զախարովայի այս արձագանքը շատերին էր զարմացրել՝ հաշվի առնելով գունավոր և թավշյա հեղափոխությունների վերաբերյալ ռուսական կողմի մշտական նյարդային վերաբերմունքը:

Խոսելով ԱՄՆ Պետդեպի հայտարարության մասին` ռուս քաղաքագետն ասաց, որ այն ևս հավասարակշռված էր: «Նպատակն էր՝ համոզել կողմերին երկխոսել՝ ուժի կիրառումից խուսափելու նպատակով: Այն, ինչ նման իրավիճակներում Պետդեպը հայտարարում է սովորաբար»,- ասաց Դուբնովը:

Հարցին, թե այս փոփոխությունների արդյունքում Հայաստանում կփոխվի համակարգը` ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովն ասաց, որ եղանակի տեսություն չի անի:

Ըստ նրա, շարժմանը կարող է դերակատարություն հաղորդել ԲՀԿ-ական Գագիկ Ծառուկյանի միացումը, ինչը Փաշինյանին հնարավորություն է տալիս ընտրվել վարչապետի պաշտոնում, որը թույլ է տալիս, որ վարչապետն ընտրվի ոչ թե՝ հրապարակում, այլ՝ ԱԺ-ում: «Փորձը ցույց է տալիս, որ քրեաօլիգարխիկ համակարգն այսպիսի պրոցեսներով և այսպիսի տրիբունաներում չի փոխվել: Եվ ավելի լուրջ փորձությունների է դիմացել, քան Փաշինյանն է»,- ասաց Դուբնովը:

Անդրադառնալով արտաքին միջամտության մասին խոսակցություններին՝ ռուս քաղաքագետը չբացառեց դրա հավանականությունը: «Սարգսյանին կարող էին զանգահարել և՛ Վաշինգտոնից, և՛ Փարիզից, և՛ Մոսկվայից, և՛ Պեկինից: Բայց ես չեմ կարծում, որ այդ զանգը որոշիչ է եղել, քանի որ որոշիչ են եղել հայաստանյան ներքաղաքական խնդիրները, էլիտայի որակը, Սերժ Սարգսյանի ռեժիմի որակը: Այսինքն` խնդիրը ներքաղաքական, ներհայաստանյան պատճառներն են»,- նշեց Դուբնովը:

Տեսանյութեր

Լրահոս