«Ես միշտ ասել եմ, գալու է մի սերունդ, որը սրբելու, տանելու է ամեն ինչ». Կարեն Քոչարյան
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Հայաստանում նոր ընտրություններն անխուսափելի է համարում, սակայն, ըստ քաղտեխնոլոգի, անորոշ է, թե ով է կազմակերպելու այս ընտրությունները:
«Այսպես, թե այնպես բանակցություններ լինելու են: Այդ ընտրությունները պետք է անցկացվեն սահմանադրությանը և իրավական ակտերին համապատասխան, և բանակցություններից խուսափելու տարբերակ չկա: Հիմա ստարտային դիրքավորում է ընթանում»,-հավելեց նա:
Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ քաղտեխնոլոգը նշեց, որ տեղի ունեցավ փաստացի ժողովրդի ընդվզում, որն արդեն հոգնել էր շատ բաներից: «Այս ամենը սպասելի էր: Ես միշտ ասել եմ, գալու է մի սերունդ, որը սրբելու, տանելու է ամեն ինչ»,- ասաց նա:
Օտարերկրյա լրագրողների հետ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ապրիլի 24-ին կայացած հանդիպումը քաղտեխնոլոգը համարեց միջազգային կառույցների հետ համագործակցությանն ուղղված մեսիջ:
«Քանի որ նա բավականին թրծված քաղաքական գործիչ է, հասկանում է, որ երկրի ղեկավարը շատ խնդիրներ կարող է ունենալ: Փաշինյանը հղեց իր մեսիջները և հիմա սպասում է արձագանքի»,- ընդգծեց բանախոսը: