Կարեն Կարապետյանը մտավախություն ունի, որ իրավիճակը նորից կլարվի, բայց դրա լուծումն էլ ունի
«Գուցե նրան, ում Նիկոլ Փաշինյանը չի սիրում, հակառակ կողմը սիրում է։ Հիմա մենք ինչի՞ն ենք ուզում գնալ. դիկտատուրայի՞ն ենք ուզում գնանք, ուզում ենք թելադրանքի՞ն գնալ։ Ընտրություն անենք, տեսնենք՝ ում է ուզում մեր ժողովուրդը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ իրենց կուսակցությունում աշխատանքային մթնոլորտ է։
Հարցին, թե մտավախություն չունի՞, որ իրավիճակը երկրում դարձյալ կարող է լարվել, Կարեն Կարապետյանն այսպես պատասխանեց. «Ես մտավախություն ունեմ, և ես դրա լուծումն էլ ունեմ։ Ես առաջարկել եմ, որ բոլոր քաղաքական ուժերը նստեն և բանակցեն, և բանակցեն Սահմանադրության դաշտում։ Մեկս մյուսին չփորձենք կամք թելադրել։ Չափազանց անհրաժեշտ է վերադառնալ բնականոն կյանքին»։
Կարապետյանն ասաց, որ առավոտյան խոսել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, վերջինս նույնպես, ըստ Կարապետյանի՝ անհանգիստ է ստեղծված իրավիճակից.
«Նա բացի արձագանքելուց անձնական հեռախոսազրույցներ, հանդիպումներ կունենա։ Ես հուսով եմ, որ մեր բոլոր քաղաքական ուժերը կդիմեն այդ քայլին, որ մեր բոլոր քաղաքացիները կդրդեն քաղաքական ուժերին, որպեսզի նստեն, բանակցեն, մենք այլ տարբերակ չունենք։ Եթե լուծումներ չգտնենք, խնդիրներ ենք ունենալու։
Դա անդրադառնալու է յուրաքանչյուրիս վրա․ աշխատավարձ, աճ, թոշակ, զորակոչ, զբոսաշրջիկ, ներդրողներ և այլն։ Մենք բազմաթիվ ներդրողներ ունեինք, որոնց հետո պետք է բանակցեինք, բայց նրանք հետաձգել են որոշում կայացնելը»։