Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ապրիլի 25-ից սկսում է խորհրդակցություններ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմից: Հայտարարության մեջ ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Երեկ, Ապրիլի 24-ին, մեր ողջ ժողովուրդը, համաշխարհային հանրության հետ միասին, ոգեկոչեց մեր Սուրբ նահատակների հիշատակը՝ դրսեւորելով ազգային համերաշխության եւ միասնության օրինակ:

Այսօր նույնպես, առավել քան երբեւէ, մենք պետք է լինենք միասնական եւ համախումբ:

Կարդացեք նաև

Քաղաքացիական շարժումը, որի մեջ ներգրավված է հատկապես երիտասարդությունը, նոր հնարավորություններ է բացում Հայաստանի քաղաքական կյանքի առողջացման եւ ժողովրդավարության խորացման ուղղությամբ: Այն կբարձրացնի Հայաստանի եւ հայ ժողովրդի հեղինակությունն աշխարհում, եթե մենք կարողանանք ճիշտ եւ կշռադատված լուծումներ գտնել:

Այդ իմաստով չափազանց կարեւոր է կողմերի միջեւ երկխոսության մեկնարկը: Ծանոթ եմ այսօր առավոտյան նախատեսված բանակցությունները դադարեցնելու մասին քաղաքացիական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի եւ վարչապետի պաշտոնակատար Կարեն կարապետյանի հայտարարություններին եւ արտահայտված դիրքորոշումներին:

Ափսոսանք եմ հայտնում, որ բանակցությունները ընդհատվել են:

Երկիրը եւ մեր երիտասարդ ժողովրդավարությունը գտնվում են լուրջ քննության առջեւ:

Մտահոգ ստեղծված դրությամբ՝ այսօրվանից սկսում եմ խորհրդակցություններ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները:

Հուսով եմ, համատեղ ջանքերով մեզ կհաջողվի փոխըմբռնման ոգով գտնել հնարավոր հանգուցալուծման ուղիները»:

Տեսանյութեր

Լրահոս