Իրանը ՄԱԿ-ում հանդես է եկել անվտանգության տարածաշրջանային համաժողով ստեղծելու նախաձեռնությամբ
Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը Պարսից ծոցի երկրներին առաջարկել է ստեղծել անվտանգության հարցերի տարածաշրջանային համաժողով։ «Մենք անկայուն ջրային ավազանի գծով մեր հարեւաններին, որոնք շատ պատերազմներ են ապրել, հրավիրում ենք միանալու մեր այս ձգտմանը»,- հայտարարել է նա՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում:
Զարիֆի խոսքով՝ «գերիշխանական պատրանքները կամ այլոց անվտանգության խաթարման հաշվին սեփական անվտանգության ապահովման փորձերը» զինված հակամարտություններ են հրահրում տարածաշրջանում: Դիվանագետն ասել է, որ ներկայում «կարեւոր է անցնել նոր հարացույցի՝ հիմնված մեր ուժերի միավորման վրա», այն բանի փոխարեն, որ «մեզնից ինչ-որ մեկը ձգտի դառնալու ուժեղագույնը մեր տարածաշրջանում», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: