ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամների «արկածները». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը կիրակի հետ է կանչել գործուղումների մեկնած պատգամավորներին, որ երկուշաբթի ԱԺ-ն արտահերթ նիստ գումարի ու «ՔՊ»-ի ձերբակալված 3 պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկի։
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները փորձությունների են ենթարկվել․ Կարինե Աճեմյանը, Միքայել Մելքումյանը, Արմեն Ռուստամյանը, Էդմոն Մարուքյանը, Նաիրա Զոհրաբյանը, Սամվել Ֆարմանյանը եւ Ռուստամ Մախմուդյանը Ստրասբուրգ էին մեկնել՝ ապրիլի 22-28-ը նստաշրջանին մասնակցելու, բայց, Ստրասբուրգ հասնելով, չեն էլ հասցրել անգամ տեղավորվել հյուրանոցում, անմիջապես զանգել են, հետ կանչել նրանց։
Եվ քանի որ կարճ չվերթ չի եղել, նրանք Ստրասբուրգից Ֆրանկֆուրտ, ապա Մոսկվա-Երեւան չվերթով մեծ դժվարությամբ հասել են տեղ։ Ճակատագրի հեգնանքով՝ այս օրերին Ֆրանսիայի երկաթուղին գործադուլ է անում, եւ պատգամավորները գնացքով Ֆրանկֆուրտ հասնելու համար ստիպված են եղել կայարանից կայարան ոտքով երկար քայլել ու հոգնած-ջարդված հասնել Հայաստան, որտեղ նրանց մի նոր տանջանք էր սպասվում։
Բայց երկուշաբթի, մինչ սպասելիս են եղել արտահերթ նիստ հրավիրելու Սերժ Սարգսյանի որոշմանը, հրապարակվել է նրա հրաժարականը։ Երեւան է վերադարձել նաեւ ՆԱՏՕ-ի սեմինարին մեկնած Կորյուն Նահապետյանը՝ Սամվել Ալեքսանյանի քրոջ փեսան»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: