«Օսկարի» հերթական մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 24-ին
«Օսկար» կինոմրցանակի հաջորդ մրցանակաբաշխությունը կկայանա 2019 թվականի փետրվարի 24-ին Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) Dolby թատրոնում: Այս մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ԱՄՆ-ի Կինոարվստների ակադեմիան։
«Օսկարի» հավակնորդների ընտրությունը կսկսվի 2019 թվականի հունվարի 7-ին եւ կավարտվի հունվարի 14-ին: Անվանակարգորդները կհայտարարվեն հունվարի 22-ին:
Դրանից հետո Կինոարվեստների ակադեմիայի անդամները ձեռնամուխ կլինեն քվեարկության երկրորդ փուլին, որը կոչված է որոշելու «Օսկարի» դափնեկիրներին: Այս եզրափակիչ փուլը կբացվի փետրվարի 12-ին եւ կավարտվի փետրվարի 19-ին:
Սպասվում է, որ մրցանակաբաշխությունը իրական ժամանակի ռեժիմով կհեռարձակվի աշխարհի 225 երկրներում ու տարածքներում: