«Արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք չեն հիմա». Մանվել Սարգսյան

Հարցազրույց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանի հետ

– Պարոն Սարգսյան, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Իմ քայլը» շարժման արդյունքում Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց ՀՀ վարչապետի պաշտոնից։ Ձեզ համար անսպասելի՞ էր այդ հրաժարականը։

– Ոչ, անսպասելի չէր։ Ես այս 10 օրերին մարդկանց ասում էի, որ, եթե ժողովուրդը հասկացել է ու ոտքի է ելել, ազատության հարցն ուշ թե շուտ կլուծվի։ Մարդիկ թերահավատություն ունեին, դժվար էր դա ընդունել: Նույնը Սերժ Սարգսյանն էր, կարծում էր, թե կատակ է, բայց վերջում հասկացավ։

Աշխարհում, որտեղ այս շարժումն օգտագործվել է 20-րդ դարում, 21-րդ դարում, որևէ դիկտատոր չի կարողացել դրան դիմանալ։ Երբևէ։ Սերժ Սարգսյանն ասաց, թե ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին չի գնա։

Իրականում ոչ մի տարբեր լուծումներ չկան, կա 2 ուղի՝ ժամանակին հասկանալ, հանձնվել ու կյանքը փրկել, երկրորդը՝ մի քիչ ուշացնելով՝ այս ամբողջ գործընթացի ոտքերի տակ մնալ, ինչը տեսնում ենք տարբեր երկրներում ու հարցնում, թե այս կամ այն դիկտատորը մի՞թե խելք չուներ, չէր հասկանում, որ, ի վերջո, բանակն ու ոստիկանությունը շուռ են գալու իր դեմ ու գնդակահարելու են։

Եվ գուցե մեր վերլուծություններն էլ ազդեցություն ունեցան, որովհետև 100 տարվա հարաբերություններ ունենք, գուցե հասկացել են, որ, եթե մարդիկ գրում են՝ օր առաջ գնա, թե չէ վերջը վատ է լինելու, ուրեմն պետք է գնալ։ Եվ առանց զոհերի ավարտվեց։

– Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, բայց քաղաքական մեծամասնությունը ՀՀԿ-ն է դեռևս։ Ի՞նչ զարգացումներ են սպասվում։

– Բայց ինչո՞ւ է ՀՀԿ-ն։ Եկեք հաշվենք՝ 9-ը «Ելքն» է, 31-ը «Ծառուկյանն» է, որ միացել է Փաշինյանին, եղավ 40, 10-15 հոգի էլ, եթե ժողովուրդը փողոցում աշխատի, հանգիստ միանալու են, ու պառլամենտը ժողովրդինն է լինելու։

– Հանրապետական կուսակցությունից առնետավազք կսկսվի՞։

– Ի՞նչ առնետավազք, մարդկանց համոզում ես, որ խելքի գան, որ Սերժի օրը չընկնեն։ Այս շարժումը միայն Սերժին չի վերաբերում, չէ՞, բոլորին է վերաբերում։ Մարդկանց պետք է բացատրել, որ՝ ժողովուրդ ջան, Հանրապետական-բան գոյություն չունի, մի ժողովրդական խմբակցություն կազմեք ու ժողովրդին ծառայեք։ Շատ հանգիստ էս 2 օրում կկազմեն։ Ինչի՞ մասին է խոսքը։

– Այսինքն՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չե՞ք տեսնում։

– Ոչ, արտահերթ ընտրություններ պետք չեն հիմա, եթե մեծամասնությունը կարողանա շարժումն ապահովել, շատ հանգիստ կարևորագույն փոփոխությունները, որ Նիկոլը հնչեցրեց, շարժման մասնակից երիտասարդները հստակ ներկայացրեցին, թե ինչ հրատապ կարևորագույն օրենքներ կան, դրանք խորհրդարանում պետք է ընդունել, դրանից հետո կարելի է նախապատրաստական աշխատանքներ տանել ընտրություններ անցկացնելու համար։

Այսինքն՝ պետք է նախ՝ հնարավորություն ստեղծել նորմալ ընտրություններ անցկացնելու համար։ Առանց այդ օրենքների իմաստ չկա, ոչինչ չի փոխվի։ Ու այս խորհրդարանը դա կանի, որովհետև մարդիկ արդեն տեսել են, որ ժողովուրդը 2 օրում բոլորին կքշի։ Կապիտալի ու իշխանության բաժանման մասին օրենք կար առաջարկված, կուսակցությունների մասին օրենք։

Ի վերջո, ամենաֆունդամենտալ հարցը կուսակցությունների մասին օրենքն է, որ ամեն մի ժուլիկ չհավաքի ինչ-որ մի խումբ ու իրավունք ստանա մասնակցել ընտրություններին։ Հիմա պետք է կուսակցությունների մասին այդ օրենքն ընդունել ու վերագրանցել բոլոր կուսակցությունները։

Մինչև դրանք դուրս չգան, քաղաքական կյանք չի լինի, ու պետական կառավարումը նորմալ կադրեր չի ստանա։ Սրանք այսօրվա լրջագույն հարցերն են, որոնք պետք է լուծվեն։ Նիկոլ Փաշինյանն այդ հարցերը կդնի՞, շատ լավ կլինի, ինքը կշարունակի այդ գործընթացը։

– Հնարավոր չէ՞, որ Հանրապետականը նոր թեկնածու առաջադրի և ընտրի այդ թեկնածուին, ոչ թե ժողովրդի թեկնածուին։

– Հանրապետականներին թվում է, թե իրենք ձայներ ունեն, իշխանություն ունեն։ Ես կարծում եմ, որ ժողովուրդը 1 օրում կհասկացնի, որ իրենք իշխանություն չունեն։ 1988թ. ժողովուրդը կոմունիստական Գերագույն խորհրդին է հասկացրել, մարդկանց, որոնց թվում էր, թե իրենք չգիտեմ ով են, պարտիայի գլխին նստած, անփոխարինելի են։ Բայց շատ հանգիստ այդ մարդկանց հասկացրին, որ՝ ձեր կուսակցությունն այն ժամանակ էր ղեկավարում, երբ ժողովուրդ չկար, իսկ երբ կա ժողովուրդ, պարտիան այդ ժողովուրդն է։ Դա շատ հեշտ է լինում։

Նման շարժումների դեմ խաղ չկա, անհնազանդության շարժման հզորությունը մեծ ուժ է, մարդիկ հասնում են իրենց նպատակին։ Հորինում են՝ ЦРУ, ԿԳԲ, չգիտեմ ինչ տիեզերական ուժեր են եկել, իրենք են արել, ժողովուրդն ով է… էնքան նման բաներ ենք լսելու, զարմանալու ենք։ Մարդիկ դեռ չեն հասկանում՝ ժողովրդի ուժն ինչ է։

Տեսանյութեր

Լրահոս