Աշխարհում դրամական փոխանցումների ծավալն աճել է 7 տոկոսով՝ մինչև 613 միլիարդ դոլար. ՀԲ
Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներ դրամական փոխանցումների ծավալը 21 տոկոսով աճել է՝ 2017 թվականին մինչեւ 48 միլիարդ դոլար՝ տնտեսության աճի ամրապնդման եւ Ռուսաստանում, ինչպես նաեւ Ղազախստանում եւ եվրոգոտում աշխատանքի տեղավորման հեռանկարների բարելավման շնորհիվ: Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, այս տվյալները բերված են այն զեկույցում, որն ապրիլի 23-ին տարածել է Համաշխարհային բանկը (ՀԲ)։
«Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներ դրամական փոխանցումների ծավալը 2017 թվականին 21 տոկոսով սրընթաց աճել է մինչեւ 48 միլիարդ դոլար եռամյա անկումից հետո: Ավելացման գլխավոր պատճառներն են դարձել (տնտեսության) աճի բարձր տեմպերը եւ եվրոգոտում, Ռուսաստանում ու Ղազախստանում աշխատանքի տեղավորման հեռանկարների (բարելավումը), դոլարի նկատմամբ եվրոյի եւ ռուբլու փոխարժեքի ամրապնդումը եւ համեմատության ցածր բազան 2015 թվակաանին գրեթե 22-տոկոսանոց իջեցումից հետո»,- ասված է փաստաթղթում: Մասնագետների գնահատումներով՝ այս տարի տվյալ ցուցանիշը կաճի 6 տոկոսով՝ մինչեւ 51 միլիարդ դոլար՝ «տարածաշրջանում տնտեսական աճի կայունացման» առնչությամբ:
Համաշխարհային մասշտաբով անցյալ տարի դրամական փոխանցումների ծավալն աճել է 7 տոկոսով՝ 573 միլիարդ դոլարից (2016 թվականին) մինչեւ 613 միլիարդ դոլար: Անցյալ տարի դրամական փոխանցումների խոշորագույն ստացողների թվում ՀԲ-ն առաջին տեղում դնում է Հնդկաստանը (69 միլիարդ դոլար), դրան հաջորդում են Չինաստանը (64 միլիարդ դոլար), Ֆիլիպինները (33 միլիարդ դոլար), Մեքսիկան (31 միլիարդ դոլար), Նիգերիան (22 միլիարդ դոլար) եւ Եգիպտոսը (20 միլիարդ դոլար): «Սպասվում է, որ միջազգային դրամական փոխանցումները կաճեն 4,6 տոկոսով եւ 2018 թվականին կհասնեն 642 միլիարդ դոլարի»,- նշում են մասնագետները: