Բազմիցս հաջողություններ գրանցած զորամասը
2017 թվականի բանակային տարվա արդյունքներով, Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության տանկային զորամասերից մեկը ճանաչվել է լավագույնը:
Գնդապետ Թաթուլ Հայրապետյանի հրամանատարությամբ գործող տանկային բրիգադի տարեգրությունը դեռևս Արցախյան պատերազմի տարիներից է սկսվում, զորամասի կազմավորման ակունքներում կանգնած են ազատամարտի խիզախ, փորձառու տանկիստներն ու տանկային ստորաբաժանումները: Այսօր, անշուշտ, զորամասն ունի իր յուրահատուկ դերակատարումը ՊԲ-ում: Հրամանատարության ջանքերի շնորհիվ բրիգադն օրեցօր բարգավաճում և կատարելագործում է մարտական հնարավորությունները:
2017-ի բանակային ուսումնական տարվա ամփոփմանը զորամասի գումարտակներից մեկը նույնպես, ցուցաբերած արդյունքներով, զբաղեցրել է առաջին տեղը: Գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Գարիկ Մինասյանը ողջունում է անձնակազմին և շնորհավորում «Լավագույնի» կոչմանն արժանանալու կապակցությամբ: Փորձառու և հմուտ հրամանատարը անձնակազմին հավելյալ որակներ հաղորդելու և նոր եռանդ ներշնչելու միտումով զինծառայողներին մանրակրկիտ ներկայացնում է հաջողության հիմնական նախապայմանները, ևս մեկ անգամ խրախուսում և հորդորում այսուհետ ևս ծառայությունը կազմակերպել համապատասխանաբար:
Զորամասի հրամանատարությունը կարծիք է հայտնում, որ հաջողության կարելի է հասնել նախ և առաջ բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի առկայության, խնդիրների հստակ կատարման արդյունքում, որոնք ուղղորդվում են հրամանատարության անընդհատ վերահսկողությամբ և ժամկետային զինծառայողների պատասխանատու մոտեցմամբ: Գլխավորը հայրենիքի հանդեպ ունեցած սիրո և պատասխանատվության գիտակցումն է: Հայրենիք, որի առաջ հավասարազոր է յուրաքանչյուր հայ մարդ, և այդ գիտակցման շնորհիվ միայն կարող է ստեղծվել առողջ միջավայր և ամուր ստորաբաժանում:
Ամենօրյա պարապմունքների, տեխնիկայի սպասարկման և շահագործման, մարտական պատրաստության դասընթացների ժամերին անձնակազմը ուսուցանվում է և ձեռք բերում նոր գիտելիքներ: Ժամկետային զինծառայողներն իրենց հերթին լավ են հասկանում պարապմունքների կարևորությունը և փորձում են անցկացվող պարապմունքներից ստանալ առավելագույն գիտելիքներ:
Ասվածի լավագույն ապացույցը 2017 թվականի ընթացքում իրականացված տեսչական ու հանկարծակի ստուգումների ընթացքում զորամասի անձնակազմի կողմից ցուցաբերած արդյունքներն են և մարտական պատրաստականության բարձր աստիճանը: Թե զորավարժությունների և թե ամենօրյա պարապմունքների ընթացքում զինծառայողները ապացուցել են, որ պատրաստ են ցանկացած իրադրությունում կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները: Պատրաստված անձնակազմ և գրագետ ղեկավարում. մարտական հաջող գործողությունների համար անհրաժեշտ այս երկու բաղադրիչները առկա են զորամասում: Իզուր չէ, որ այն լավագույնն է ճանաչվել նաև մարտական պատրաստության և շտաբային աշխատանքների կազմակերպման հարցերում:
Նշենք, որ զորամասն առաջին անգամ չէ արձանագրում նման հաջողություններ, և այդ նվաճումները միայն Պաշտպանության բանակով չեն եզրափակվում: Զորամասի տանկիստները բազմիցս մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնությունում անցկացված տանկային բիաթլոններին և զբաղեցրել պատվավոր մրցանակային տեղեր:
Հարություն Մկրտչյան