
ՕԵԿ-ը կոչ է անում ազատ արձակել անազատության մեջ գտնվող ԱԺ պատգամավորներին և վերսկսել բանակցային գործընթաց

«Օրինաց երկիր» կուսակցությունը, վերահաստատելով նախօրեին արված երկու քաղաքական հայտարարություններին իր հանձնառությունը, հայտարարում է.
Երևան քաղաքում և հանրապետության մյուս մարզերում շարունակվում են խաղաղ անհնազանդության գործողությունները: Տասնյակ հազարավոր մարդիկ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում` պահանջելով և ակնկալելով համարձակ արմատական փոփոխություններ:
«Օրինաց երկիր» կուսակցությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ բանակցություններն ու քննարկումները այլընտրանք չունեն, և որ միակ փոխընդունելի հանգուցալուծումը եղել և մնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Հենց ազատ ու արդար ընտրություններն են իրավիճակի խաղաղ, անարյուն հանգուցալուծման միակ քաղաքական ու քաղաքակիրթ ճանապարհը, ճանապարհ, որով շարժվել են բազմաթիվ երկրներ:
Կարևորելով և միևնույն ժամանակ ափսոսանք հայտնելով Սերժ Սարգսյան – Նիկոլ Փաշինյան չստացված բանակցությունների առիթով, կուսակցությունը ևս մեկ անգամ հայտարարում է նոր, հրատապ, առանց նախապայմանների բանակցությունների անցկացման անհրաժեշտության մասին` ըստ անհրաժեշտության ձևավորելով քաղաքական և քաղաքացիական առավել լայն հարթակ:
Կուսակցությունը կոչ է անում իշխանություններին ազատ արձակել անազտության մեջ գտնվող Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին, վերադառնալ կլոր սեղանի շուրջ` ևս մեկ անգամ փորձ անելով գտնել խաղաղ և քաղաքակիրթ քաղաքակիրթ հանգուցալուծում ի շահ մեր հայրենիքի և ժողովրդի:
ՕԵԿ մամուլի ծառայություն