Քրիստոնեա-դեմոկրատական միությունը Փաշինյանին կոչ է անում իշխանությունների հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել
Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը ընդդիմության առաջնորդներին կոչ է անում իմաստավորել սեփական պատասխանատու դերակատարումը բոլորի անվտանգ վաղվա օրվա ապահովման խնդրում և նստել իշխանությունների հետ բանակցությունների սեղանի շուրջ:
Կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում իր խորը մտահոգությունն է արտահայտում Երևանում իրադարձությունների վերջին զարգացումների կապակցությամբ:
«Մենք դարձյալ գտնում ենք, որ մեզանում առկա խնդիրների լուծման լավագույն ճանապարհը իշխանություն-ընդդիմություն երկխոսությունն է, որի ընթացքում պետք է քննարկել հանրային կյանքում և քաղաքական գործընթացներում ընդդիմության պատասխանատու մասնակցությունն ապահովելու հավելյալ իրավաքաղաքական անշրջելի երաշխիքների ձևավորման խնդիրը: Ցավոք, ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, մերժեց վարչապետ Սերժ Սարգսյանի բանակցելու նախաձեռնությունը, դրանով իսկ ներքաղաքական զարգացումները տանելով փակուղի: Թեպետ այդ փաստը կարող է որակվել որպես կորսված հնարավորություն, այդուհանդերձ մենք համոզված ենք, որ իրերի զարգացումը իր բանական հուն տեղափոխելու ռեսուրսը դեռևս սպառված չէ, հատկապես, երբ այլևս օրակարգային է ոչ թե ընդդիմություն-իշխանություն հարաբերակցության խնդիրը, ոչ թե մեզանում առկա խնդիրների ռացիոնալ լուծումները գտնելու խնդիրը, այլ այն, որ իրադարձությունների նման ընթացքը իրական վտանգի է ենթարկում երկրի անվտանգության, տարիների ընթացքում ձևավորված, ինստիտուցիոնալ մեր կարողությունները: Կոչ ենք անում ընդդիմության առաջնորդներին իմաստավորել սեփական պատասխանատու դերակատարումը մեր բոլորիս անվտանգ վաղվա օրվա ապահովման խնդրում և նստել իշխանությունների հետ բանակցությունների սեղանի շուրջ՝ մեզանում առկա արատների համակարգային լուծումները ուրվագծելու և դրանցում ընդդիմության ազդեցիկ մասնակցությունը երաշխավորելու հարցերի շուրջ»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ: