«ՀՀ իշխանությունների գործողություններից է նաև կախված` կլինի՞ հեղափոխություն, թե՞ ոչ». Վիտալի Պորտնիկով

«ՀՀ իշխանությունները դեռ կարողանում են իրենց համարժեք դրսևորել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ուկրաինացի քաղաքական վերլուծաբան, հրապարակախոս Վիտալի Պորտնիկովը՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական զարգացումներին, «Իմ քայլը» շարժման բողոքի միջոցառումներին և դրանց ճակատագրին:

Հարցին, թե ի՞նչ նշանակություն կարող է ունենալ շարժման ապագայի համար այն հանգամանքը, որ ՀՀ գործող իշխանություններն արտաքին աջակցություն ունեն, Պորտնիկովը պատասխանեց, որ, չլինելով հայ հասարակության մի մասը, դժվարանում է գնահատել շարժման գործողությունները, դրանց արդյունավետությունը և շարժման բողոքական ներուժը, որն ամենակարևոր գնահատման ցուցիչն է: Նրա գնահատմամբ, բողոքական ներուժն ավելի որոշիչ է նման զարգացումների ժամանակ, քան այն, որ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ունի Ռուսաստանի, մասնավորապես՝ Պուտինի, կամ այլ կենտրոնների աջակցությունը:

«Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը ևս ուներ Պուտինի լիակատար աջակցությունը, բայց նրան ոչ մի աջակցություն չփրկեց: Նման շարժումների հաջողությունը և անհաջողությունը հաճախ կախված է իշխանությունների հակաքայլերից:

Երբ մենք հիշում ենք, թե ինչպես սկսվեց Ուկրաինայում շարժումը 2013 թվականին, կարող ենք պնդել, որ այն դատապարտված էր անհաջողության, բայց իշխանությունների կտրուկ, անիմաստ, անարդարացված ճնշումները, բռնի գործողությունները հանգեցրին մի ամբողջ հեղափոխության: ՀՀ իշխանությունների գործողություններից է նաև կախված` կլինի՞ հեղափոխություն, թե՞ ոչ: ՀՀ իշխանությունները դեռ կարողանում են իրենց համարժեք դրսևորել և զուսպ են իրենց քայլերում, բայց չգիտեմ՝ ինչ հունով կգնա այս ամենը: Սակայն նրանց քայլերից ու այս բողոքի ներուժից են կախված հետագա բոլոր զարգացումները»,- ասաց Պորտնիկովը:

Ուկրաինացի վերլուծաբանն ասաց, որ ինքն անձամբ կառավարման խորհրդարանական համակարգի ակտիվ կողմնակիցն է: Նրա գնահատմամբ՝ կառավարման այն մոդելը, որն ընտրվել է Հայաստանում, հաջող կառավարման համակարգի կառուցման ամենաօպտիմալ տարբերակն է:

«Բայց միևնույն ժամանակ՝ կցանկանայի նշել, որ փորձերը՝ այն օգտագործել ներկայիս ռեժիմի, իշխանության կոնսերվացման համար, թակարդն է գցելու այն ռեժիմին, որը ցանկանում է պահպանել իր իշխանությունն այս մոդելի միջոցով, քանի որ ավտորիտար ռեժիմը չի կարող երկար ժամանակ հիմնվել խորհրդարանական պետության վրա:

Տեղի է ունենում ողջ կառավարական օրգանիզմի «մաքրում»: Խորհրդարանական կառավարման համակարգը չի կարող զարգանալ այն պայմանններում, երբ ավտորիտար ռեժիմ է: Սարգսյանը երբ նման մոդել էր ընտրում կառավարության ապագա գործունեության համար, պետք է հասկանար նաև այն ռիսկերը, որոնք բերելու էր իր հետևից այս մոդելը: Այն, ինչ ներկայումս տեղի է ունենում, նաև այս մոդելի շնորհիվ է»,- նկատեց նա:

Նրա խոսքով՝ խորհրդարանական կառավարման համակարգը ենթադրում է դիրքորոշումների, կարծիքների, շահերի հավասարակշռություն և ոչ ավտորիտարիզմ ու գործող ռեժիմի անընդհատ երկարաձգում:

Տեսանյութեր

Լրահոս