Երկաթի անբավարար մակարդակի մասին հուշող նշաններ, որոնք չի կարելի արհամարհել
Օրգանիզմում երկաթի անբավարար մակարդակը հանգեցնում է անեմիայի, սակայն կարող են առաջանալ այլ հետևանքներ ևս: Steptohealth.ru-ի փոխանցմամբ՝ օրգանիզմը մի խումբ ախտանշանների միջոցով զգուշացնում է երկաթի անբավարարության մասին, և կարևոր է սովորել ճանաչել դրանք:
Թուլություն, հոգնածություն: Մշտական հոգնածությունն ու թուլությունը, որոնք չեն անցնում նույնիսկ բավարար ժամանակ հանգստանալու արդյունքում, կարող են երկաթի անբավարար մակարդակի հետևանք լինել: Երկաթն անհրաժեշտ է բջիջներին թթվածին մատակարարելու համար: Երբ օրգանիզմին չի բավարարում այս միկրոէլեմենտի մակարդակը, հյույսվածքները բավարար քանակով «վառելիք» չեն ստանում, բոլոր օրգանները սկսում են վատ աշխատել:
Աշխատունակության նվազում, վատ տրամադրություն: Այս միկրոէլեմենտի անբավարար քանակն ազդում է նաև էմոցիոնալ վիճակի վրա: Նկատվում են գրգռվածություն, ճնշվածություն, վատ տրամադրություն: Եթե նկատվում է նաև մշտական հոգնածություն, ապա մարդու համար շատ ավելի բարդ է կատարել իր պարտականությունները: Երկաթի անբավարար մակարդակը բացասաբար է ազդում հիշողության, ուշադրությունը կենտրոնացնելու վրա:
Գունատություն: Անեմիայի դեպքում մաշկը դառնում է գունատ: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ մաշկի վերին շերտն անհրաժեշտ քանակով թթվածին չի ստանում:
Գլխապտույտ, սրտխառնոց: Երկաթի անբավարար քանակի դեպքում հյուսվածքներն ու բջիջներն անհրաժեշտ քանակով թթվածին չեն ստանում, ինչի հետևանքով կարող են մշտական գլխապտույտներ նկատվել: Հիվանդը կարող է նաև զգացողություն ունենալ, որ իրեն չի բավականացնում օդը, ինչի հետևանքով շնչառությունն արագանում է: Ավելի ծանր դեպքում կարող են նկատվել նաև ուշաթափություն, աղմուկ ականջներում:
Սրտխփոց: Հանգիստ վիճակում արագ սրտխփոցը ևս կարող է երկաթի անբավարար մակարդակի հետևանք լինել: Այդ դեպքում արյունը դժվարությամբ է թթվածինը մատակարարում հյուսվածքներին, ինչի հետևանքով սիրտն ավելի արագ է աշխատում:
Եղունգների թուլություն, մազաթափություն: Եղունգների թուլությունը, կուտիկուլայի կողքին սպիտակ հետքերի առկայությունը ևս կարող են վկայել երկաթի անբավարարության մասին: Մազաթափությունը նկատվում է այն պատճառով, որ մազերի ֆոլիկուլներն անհրաժեշտ քանակով թթվածին չեն ստանում:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը