«Մի քանի տասնյակ մարդիկ որոշել են երկրում անկայունություն ստեղծել». Սերժ Սարգսյան. «Շանթ»

Հայաստանի հասարակության մեջ դժգոհություններն ավելի սուր են, ավելի շատ են, որովհետև կենսամակարդակը դեռ բավարար չէ։ Սակայն իշխանություններից դժգոհություններ կան բոլոր հասարակություններում. այս օրերին իր վարչապետության հետ կապված դժգոհությունների մասին ասել է Սերժ Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում։

«Արդեն տարիներ շարունակ Հայաստանում որևէ արգելք չկա որևէ ձևով (բացառությամբ ոչ խաղաղ ճանապարհի) իրենց դժգոհությունն արտահայտելու։ Եվ կարծում եմ՝ դա և՛ իշխանություններին է օգուտ, և՛ այդ մարդկանց է օգուտ»,– նշել է Սարգսյանը։

Վարչապետի խոսքերով՝ այլ հարց է, թե որքանով են այդ դժգոհություններն արտահայտելու ձևերը համապատասխանում օրենքին։ Եթե այդ դժգոհությունն արտահայտելու ձևերը համապատասխանում են օրենքին՝ որևէ խնդիր չկա։ Իշխանությունները նույնիսկ ըմբռնումով են մոտենում այն բանին, որ հանրահավաքներն ու ցույցերը խոչընդոտում են այլ քաղաքացիների իրավունքների իրացմանը։

«Բայց երբ որ մի քանի հարյուր հոգի կամ նույնիսկ մի քանի հազար հոգի անցնում են խաղաղ ցույցով նախատեսված այդ շեմը և սկսում են խանգարել, ուղղակի անհամաչափ ձևով խախտել ուրիշների իրավունքները, այստեղ հարց է առաջանում, թե ինչու ծնողները պետք է անհանգստանան երեխաներին դպրոց ուղարկելիս, թե ինչու ես՝ աշխատավոր մարդս, պիտի գործից ուշանամ 2-3-4 ժամ միայն այն պատճառով, որ ինչ-որ մարդիկ ցանկանում են երկրում անկայունություն ստեղծել։ Մի քանի տասնյակ մարդիկ որոշել են երկրում անկայունություն ստեղծել. սա է խնդիրը»,– նշել է Սարգսյանը։

Վարչապետի խոսքերով՝ իրավապահները զուսպ են, և ինքը չէր ուզի, որ բողոք արտահայտելու ձևերի համաչափությունն այնքան խախտվեր, որ ոստիկանությունը ստիպված լիներ ուժ կիրառել։ Հարկադրանքի դիմելու ոչ մի ցանկություն չկա, ըստ Սերժ Սարգսյանի, սակայն երկրում չի կարող տիրել ամենաթողության իրավիճակ։

Տեսանյութեր

Լրահոս