«Տեղի ունեցող ցույցերն ակնհայտորեն բացասական ազեցություն արդեն իսկ ունեցել են տնտեսության վրա». Էկոնոմիկայի նախարար
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, խոսելով տեղի ունեցող ցույցերի և երթերի մասին, ասել է, որ դրանք կազդեն երկրի տնտեսության վրա:
Նրա խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանը միայն մեկ հանգիստ տարի է ունեցել, որ չի եղել արտաքին և ներքին անկայունություն: «Միակ տարին է երևի 2017 թվականը, երբ փողոցներում միտինգներ չկային, հանգիստ կարելի էր տուրիստներին գալ Երևան, ներդրողներին՝ գալ ու ներդրումներ անել: Միակ տարին էր, և այդ տարին մենք ունեցել ենք 7.5 տոկոս տնտեսական աճ»:
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները ՀՀ էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանին խնդրեցին անդրադառնալ Ս. Սարգսյանի այդ գնահատականին: Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ 2017 թվականին ոչ մի արտառոց դեպք տեղի չունեցավ, ու տնտեսությունն արձանագրեց 7.5 տոկոսանոց աճ, զբոսաշրջիկների աճ նկատվեց. «Նույն տենդենցը կարող եք տեսնել նաև 2018 թվականի առաջին եռամսյակով: Եթե այդ գործոնները լինեին, մենք նման ցուցանիշներ չէինք արձանագրի»:
Խոսելով այն մասին, թե ի՞նչ ազդեցություն կունենան այս ցույցերը երկրի տնտեսության վրա՝ Ս. Կարայանը պատասխանեց, որ բացասական ազդեցություն կունենան. «Այն իրավիճակով, որ իրենք տեղի են ունենում, առաջինը բացասական ազդեցություն կունենան զբոսաշրջության զարգացման վրա: Արդեն իսկ որոշակի զբոսաշրջիկներ հրաժարվել են գալ ՀՀ: Ակնհայտորեն դրանք բացասական ազեցություն արդեն իսկ ունեցել են, եթե այս ամենը շարունակվի, մենք կտեսնենք՝ ինչ ազդեցություններ կարող են ունենալ տնտեսության վրա»:
Ս. Կարայանի համար անհասկանալի է, թե ինչու հենց հիմա սկսեցին այս ցույցերը. «ՀՀԿ-ն ժողովրդի կողմից իր քվեն ստացել է 2017 թվականի ընթացքում, և դրանից հետո ինքն իր բնականոն գործընթացն էր ապահովում՝ առաջադրելով իր վարչապետին: Կա մեկ խնդիր. երբ երկիրը սկսում է արագ զարգանալ, որի ականատեսը բոլորս ձեզ հետ եղանք, ու ընդամենը մի քանի տարի եթե կարողանայինք անընդմեջ այդ զարգացումներն ապահովել, ապա մեր բնակչության լայն խավերի համար դա կլիներ զգալի: Կան շատ պատճառներ, թե ինչու է ընդդիմությունը պարբերաբար ցույցեր անում: Դա չի նշանակում, որ այդ ցույցերն արդարացված են»: