«Ինձ թվում է, որ իշխանությունը բավականին վստահ է և իշխանությունը ևս ունի աջակիցներ»

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանում թավշյա հեղափոխություն է իրականացնելու: Կան գնահատականներ, թե հնարավոր չէ հեղափոխություն իրականացնել՝ չունենալով կոնկրետ ուղերձներ, մասնավորապես արտաքին քաղաքականության վերաբերյալ:

Այս առնչությամբ՝ 168.am-ի հետ զրույցում վրացի քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին հիշելով Վարդերի հեղափոխությունը՝ ասաց, որ 2003-ին Վրաստանում բողոքի ալիքը բարձրացավ կեղծված ընտրությունների հետևանքով: Նրա խոսքով, Սահակաշվիլիի հռետորաբանության հիմքում հենց կեղծված ընտրություններն էին, ներքաղաքական, տնտեսական և մի շարք այլ խնդիրներ:

«Բացի ներքաղաքական բաղադրիչից՝ Սահակաշվիլին խոսում էր նաև արտաքին քաղաքականության մասին, հասարակությանը հայտնի էին նաև նրա արտաքին քաղաքական ծրագրերը, որը նա հետագայում նախագահական պաշտոնում իրականացրեց և Վրաստանի եվրոպական ուղու հիմքը դրեց: Հեղափոխությունը ևս քաղաքական այնպիսի միջոցառում է, ինչպիսին ընտրությունը, երբ շարժումը ղեկավարող գործիչը, բացի գործողություններից, իր ներքին և արտաքին գաղափարները պետք է ներկայացնի հանրությանը, հստակ պետք է լինի, թե հեղափոխությունից հետո ինչպիսին է լինելու նոր կառավարությունը, ինչ խնդիրներ է լուծելու, ինչ ծրագրեր է ունենալու:

Սաակաշվիլին իրականացրեց մի շարք բարեփոխումներ, բայց ասել, որ բոլոր ծրագրերն իրականացվեցին՝ սխալ կլինի, քանի որ շատ խնդիրներ պահպանվեցին։ Կարծում եմ` այս ամենը շատ կարևոր է իսկապես թավշյա և ճիշտ հեղափոխության համար»,- նշեց Կախա Գոգոլաշվիլին:

Նա նշեց, որ այնուամենայնիվ Հայաստանում տեղի ունեցող փողոցային գործողությունները տեղավորվում են թավշյա հեղափոխության տրամաբանության շրջանակներում:

«Սահակաշվիլին ըստ էության Վարդերի հեղափոխությունը սկսեց այնպես, ինչպես ցանկանում էր Հայաստանում Փաշինյանն անել, գրավելով ԱԺ շենքը, ինչը չհաջողվեց»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ սա անկանխատեսելի գործընթաց է, և դժվար է խոսել արդյունքների մասին: «Ինձ թվում է, որ իշխանությունը բավականին վստահ է և իշխանությունը ևս ունի աջակիցներ»,- նկատեց նա:

Տեսանյութեր

Լրահոս