«Այսօր կներկայացնենք, թե ինչպես ենք պատկերացնում իշխանափոխությունը. ժողովրդի վրա կրակելու առիթ չենք տա». Նիկոլ Փաշինյան
Երևանի փողոցներով երթով անցնող ցուցարարները փակեցին Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց խաչմերուկը՝ կաթվածահար անելով երթևեկությունը։ Այս պահին նրանք նստել են Կրկեսի դիմաց։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի միջոցով տեղեկացրեց, որ փակել են խաչմերուկը՝ ի պաշտպանություն Գավառի պետական համալսարանի ուսանողների, որոնց, իրենց տեղեկություններով՝ իշխանությունները մարզային և ոստիկանական ուժերով արգելափակված են պահում համալսարանի ներսում, չնայած՝ ուսանողներն ու դասախոսները ցանկանում են դասադուլ և գործադուլ իրականացնել. «Մենք մեր զորակցությունն ենք հայտնում նրանց, կոչ ենք անում՝ բացել բոլոր դռները և անարգել դուրս գալ»։
Փաշինյանը տեղեկացրեց նաև, որ այսօր ժամը 19։00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա հանրահավաք. «Այսօր մենք ողջ հայության աջակցությունն ունենք ու դա պետք է ի ցույց դնենք Հանրապետության հրապարակում, քանի այդ աջակցությունը քաղաքական արդյունքի չի բերել, իսկ այդ արդյունքը Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հեռացումն է իշխանությունից։ Այսօր հանրահավաքում կներկայացնենք, թե ինչպես ենք դա պատկերացնում, թե մեր ակցիաներն ինչպես են հանգեցնելու իշխանափոխության»։
Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սերժ Սարգսյանը զգում է՝ իր իշխանությանը վտանգ է սպառնում. «Նա արդեն գիտի, որ իր իշխանությունը վերջանում է, բայց մենք նրան ժողովրդի վրա կրակելու առիթ չենք տա։ Մենք համոզված ենք, որ ի վիճակի ենք խաղաղ և անարյուն թավշյա հեղափոխություն իրականացնել»։